Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին ակտիվ ներհոսք է նկատվում սփյուռքի տարբեր համայնքներից  հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ. Մխիթար Հայրապետյան

Մայիս 15,2025 20:15

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար:

Հիմնական զեկույցով՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը ներկայացրել է պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նշել, որ ներկայացված նախագիծը միտված է բարելավելու ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարմանը։ Պատգամավորն ընդգծել է, որ նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրային դրույթներից, և նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։

Հարակից զեկույցով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Անդրադառնալով հատուկ ընթացակարգով օրինագծի քննարկման անհրաժեշտությանը, նախարարը նշել է, որ նախարարության համար հիմնականում նախընտրելի չէ արագացված ընթացակարգով որևէ փոփոխություններ կամ լրացումներ ԱԺ ներկայացնելու պրակտիկան, քանի որ հիմնականում նախապես է պլանավորվում նախարարության քաղաքականությունները։ Սակայն երբեմն, ինչպես այս դեպքում է, լինում են իրավիճակներ, որտեղ օպերատիվ, արագ լուծումներ են պահանջվում։ Նախարարի խոսքով՝ դեռևս մայիսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք դիմել էին նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման տանելու, նորոգման, արդիականացման աշխատանքների և օգտահանման նպատակով ստանալու համար։

«Կառավարության գործընկերների, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ քննարկումները ստեղծում էին ռիսկ՝ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու։ Հետևաբար, ընդունեցինք գործընկերների առաջարկը՝ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի օրենսդրության մեջ սահմանված համապատասխան լիազորող նորմ ունենանք, որը հնարավորություն կտա կառավարությանը՝ օրենքն ընդունվելուց հետո 1-2 շաբաթվա ընթացքում համապատասխան ռազմամթերքը, լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին»,-ասել է Մխիթար Հայրապետյանը։

Օրինագծի շուրջ նախարարին հարց է ուղղել  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով արտերկրի, մեր սփյուռքի լավագույն մասնագետների ներուժը Հայաստան ներգրավելու, այն ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղելու հնարավորություններին։

Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վերջին տարիներին ակտիվ ներհոսք է նկատվում սփյուռքի տարբեր համայնքներից  հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ, գործարաններ, թե՛ գիտահետազոտական աշխատանքներում և փորձարարական մշակումներում, թե՛ արտադրական գործընթացներում   նրանց ներգրավելու։ «Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ են ներգրավվել այդ աշխատանքներում»,- ընդգծել է նախարարը։

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով  վերջին տարիներին ռազմարդյունաբերական համալիրում կատարված դրական փոփոխություններին։ ԱԺ փոխնախագահն առաջարկել է նաև, որպեսզի ռազմական նշանակության ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանվեն, որպեսզի ներմուծում–ներքին արտադրություն համամասնությունների մեջ օրենսդրական այնպիսի կարգավորումներ դրվեն, որպեսզի ներդրումների, ինչպես նաև՝ զարգացման   շարունակականությունն ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունները ներկայացվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը և արժանացել է դրական եզրակացության։

Օրենքում կատարված փոփոխությամբ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար, ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման հնարավորությունն առավել լայն ծավալով կազատականացնի տեղական ռազմարդյունաբերության պոտենցիալը և միաժամանակ կկանոնակարգի այն:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031