Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նրա՝ դեպքի առթիվ քննություն է նշանակվել, ինչի ավարտից հետո հույս ունի, որ աղմկահարույց դրվագի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կունենանք:
«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես, դրանց որոշակի նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։ Եթե մենք այստեղ ունենանք բավարար զգայունություն և արձագանք ընտանիքներից, դպրոցից, միջավայրից, դրանք չեն կարող նման սրացում ունենալ, խորանալ և կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել»,–նկատեց նախարարը
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մխչյանի դպրոցում թմրամոլությամբ զբաղվող աշակերտներ էին հայտնաբերվել: Պարզվել է ՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
«Նախ, երեխաները պետք է տեղեկացված լինեն այն վնասական հետեւանքներից, սովորություններից, նաեւ վտանգներից եւ պարզ լինի, թե որ իրավիճակում ով ինչ կարող է առաջարկել եւ իրենք ինչպես կարող են արձագանքել։ Նաեւ իմանան, այդ պարագաներում ՝ ում կարող են դիմել, ինչպես կարող են աջակցություն ստանալ։
Կարդացեք նաև
Այո, մենք ունենք խնդիր նաեւ դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման»,–ասաց նախարարը:
Նրա խոսքով, իրենց մտահոգում են ոչ միայն թմրանյութերը, այլեւ կողմնակի ազդեցություններով տարբեր միջադեպերը։ Այդ առումով, նախարարը կարեւորեց դպրոցների ելումուտը վերահսկելու հարցը, անցակետերի տեղադրումը:
«Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից»,–ասաց նա։
Անդրեասյանն ասաց նաեւ, որ քննարկում են դպրոցներում թեստավորման իրականացման հնարավորությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից