Պաշտոնական քարոզչության հիմնական թեզերից է՝ «ով դեմ է Փաշինյանին, նա ուզում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գուբերնիա»: Օրինակ, եթե դուք դուրս եք եկել փողոց՝ բողոքելու վարչապետի կամայականությունների դեմ, երբ նա ամբողջ իրավական համակարգը ղեկավարում է ֆեյսբուքյան գրառումներով, դուք, ուրեմն, Կրեմլի գործակալ եք: Դրա մեջ որեւէ տրամաբանություն չկա, որովհետեւ իրավական «բեսպրեդելի» առումով Հայաստանի ներկայիս կառավարչին կարելի է համարել Պուտինի աշակերտը: Բայց այդ «գուբերնիայի» «հայհոյանքը դնելուց» հետո քաղաքացիների մի մասը չի համարձակվի ասել, որ Փաշինյանն ինչ-որ հարցում կարող է եւ սխալ լինել:
Իշխանության կողմնակիցներից մեկն այդպես էլ զգուշացրեց՝ ով ինձ հետ համաձայն չէ, նա դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը: Հիշեցնում է 2013-14 թվականներին Կիեւում «Եվրամայդանի» վանկարկումը, որի տարբերակները հնչել են նաեւ այլ տեղերում՝ «Хто не скаче, той москаль» (ով հրապարակում չի թռվռում, նա, եթե ժամանակակից հայկական բառապաշարն օգտագործենք, «ռսաստրուկ» է): Ինձ համար ամենատհաճ բաներից մեկն է այդ «ակտիվիստական» շանտաժը՝ որեւէ խմբի հետ թռվռալու համար անհրաժեշտ է անջատել ուղեղը: Եվ ընդհանրապես՝ «եթե դու այսպես ասես կամ անես, ես կասեմ, որ այս ես»՝ մի՞թե այս ոճը ժողովրդավարական է ու եվրոպական:
Իսկ ինչ մնում է հարցի բովանդակային մասին, ապա, անկախ քարոզչական հնարքներից կամ գուցե անկեղծ համոզմունքներից, իրավիճակը տխուր է: Պետք է զարգացնեմ քաղաքագետ Արման Գրիգորյանի միտքը եւ ասեմ, որ մենք լավ տարբերակ չունենք: Առաջին սցենարի դեպքում Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է. ընդ որում՝ Թուրքիան ՌԴ-ին ճանապարհելու է «արեւելյան», փափուկ ձեւերով՝ ռեւերանսներով, բարեկամական ժեստերով ու նույնիսկ թույլ տալով որոշ խորհրդանշական «հետքեր» թողնել: Դրանից հետո Ադրբեջանը մեզանից պահանջելու է միլիարդավոր «ռեպարացիաներ», «միջանցք», «ադրբեջանցիների վերադարձ» եւ այլն: (Էմանուել Մակրոնն, անշուշտ, այս պարագայում կանի «Հայաստանին սատարող» մի շարք հայտարարություններ): Կամ՝ Ռուսաստանը մնում է, եւ մենք դառնում ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության թատերաբեմ: Այդ սարսափելի այլընտրանքին 7 տարվա ընթացքում մեզ հասցրել է ներկայիս իշխանությունը:
Առաջին տարբերակն ավելի հավանական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի «զբաղվածությունն» Ուկրաինայում: Ամեն դեպքում դա այն իրավիճակն է, որը ֆրանսերեն կոչվում է cul de sac: Էլ չասեմ, թե ինչպես է կոչվում ռուսերեն:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
Լուսանկարում՝ ԱԺԲ ցուցարարներն այրում են Վլադիմիր Պուտինի լուսանկարը Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև։
Եթէ հիմնուինք Փութինի «տրամաբանութեան» վրայ, նա Ուկրաինա ներխուժեց, կանխելու համար այդ երկրին միացումը՝ ՆԱՏՕին: Մինչ, Արցախի պատերազմէն ի վեր շարունակաբար, նա անձնատուր է լինում նոյն ՆԱՏՕի անդամ Թուրքիոյ առջեւ: Որու մասնաճիւղերը ոչ միայն Ադրբեջանն է, այլ մի քանի այլ թուրանական, նախկին Սովետի մասնիկ հանդիսացած երկիրներ:
Իսկ եթէ ճիշդ է որ ՀՀի Ընդդիմութիւնը ծառայում է ՌԴին, ապա ՌԴի տկարութեան աստիճանը շշմեցուցիչ է, որ չի կարողանում – քաղաքական առումով – ձերբազատուիլ Փաշինյանի նման արարածէ մը անգամ:
Տեղի ունեցածը, Օսմանեան Թուրքիոյ վերջնական ռևանշն է՝ Ռուսական Կայսրութեան դէմ: Թէ որ այսպէս պիտի լինէր, երանի թէ արդէն 1921ին Հանրապետութիւնը յանձնէինք՝ Թուրքիոյ: Գոնէ քեմալական էր, այդ Թուրքիան… Ոչ թէ թալաաթներու հպարտ ժառանգորդը… Իսկ յանձնողն ալ՝ դարերէ ի վեր անգոյ պետութեան հիմնադիր կուսակցութիւնն էր: Ոչ թէ զայն բացառապէս քանդող – ու դրանից հաճոյք ստացող – անհատ մը:
Մ. Հայդուկ Շամլեան