Լույս է տեսել ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» ամսագրի հերթական համարը, այն ընդգրկում է այս տարվա հուլիս -սեպտեմբեր ամիսները: Ամսագրում տեղ են գտել Արմեն Հայկյանցի, Տարիել Բարսեղյանի «Իրավունքի սկզբունքներ. հասկացությունը, համակարգը եւ գործառույթները», Արփինե Հովհաննիսյանի, Մարիամ Այվազյանի «Վերարտադրման իրավունքի մեկնաբանության առանձնահատկությունները թվային դարաշրջանում», Գեւորգ Իսրայելյանի «Համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը», Սուրեն Բաղինյանի «Պետական դավաճանության հանցավոր մեխանիզմի տիպային մոդելները», Սերգեյ Ղազինյանի «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը եւ ուղղորդումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք» եւ այլ ուշագրավ ուսումնասիրությունները:
Ներկայացնենք մի հատված վերջին` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Ղազինյանի մարդկանց թրաֆիքինգին նվիրված ուսումնասիրությունից:
Հոդվածն ուսումնասիրում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց ուղղորդման կարգը, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումները եւ գործնական խնդիրները:
Հետազոտությունը վերաբերում է Հայաստանի ուղղորդման կարգի երեք հիմնական ընթացակարգային փուլերին՝ հայտնաբերում, նախանույնացում եւ նույնացում:
Կարդացեք նաև
«Պետք է նախ նշել, որ հայտնաբերումը երեք իրավասու մարմինների՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության եւ գործընկեր ՀԿ-ների բացառիկ գործառույթը չէ, չնայած նրանք օրենքով լիազորված են իրականացնել նախանույնացում:
Գործնականում հայտնաբերումը հաճախ նաեւ իրականացվում է այլ դերակատարների կողմից, հաշվի առնելով խոցելի բնակչության հետ կամ ռիսկային միջավայրերում դրանց աշխատանքը: Այդ թվում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ), Միասնական սոցիալական ծառայությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Սահմանապահ զորքերը, եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, առողջապահության նախարարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Չնայած այս լայն ինստիտուցիոնալ շրջանակին, մեր դիտարկամբ, հստակ սահմանված մանդատների, ներդաշնակեցված ընթացակարգերի եւ տարբեր ոլորտներում կանոնավոր վերապատրաստման բացակայությունը լրջորեն խոչընդոտում է վաղ հայտնաբերմանը:
Օրինակ՝ ԱԱՏՄ-ն այն կարեւոր մարմիններից մեկն է, որն ունի աշխատանքային պայմանները, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հնարավոր ռիսկերը ստուգելու ուղղակի գործառույթ:
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծվել է ԳՐԵՏԱ-ի կողմից, դրա մանդատը բավարար չափով չի համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նպատակներին: Չնայած ԱԱՏՄ-ի լիազորությունների ընդլայնմանը, եւ ներքին ցուցիչների ընդունմանը (Հրաման թիվ 6-L, 2021 թվականի դեկտեմբերի 17-ի), խնդրահարույց են չհայտարարված այցեր իրականացնելու արգելքը եւ այլ սահմանափակումներ:
«Առաջնագծի» դերակատարներից շատերը չունեն նման ներքին կարգավորումներ։ Դրանց մեծամասնությունը չեն ստանում քննարկվող թեմայի վերաբերյալ կանոնավոր վերապատրաստում։
ՄՄԿ-ի ուղղորդման մեխանիզմների վերաբերյալ ուղեցույցի համաձայն՝ այս համակարգային թերությունները լուծելու համար կարեւոր է դիտարկել հայտնաբերման եւ ուղղորդման վերաբերյալ հաստատությունների համար հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ համապատասխան ցուցիչների ընդունումը, ինչպես նաեւ վերապատրաստման պարտադիրությունը: Հաջորդ՝ նախանույնացման փուլը հստակ կարգավորվում է Օրենքով։ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց պաշտոնական նույնացմանը նախորդում է նախանույնացման փուլը, որն իրականացնում են իրավասու մարմինները: Այս փուլում անձը ստանում է «հավանական զոհի» կարգավիճակ, որը թույլ է տալիս նրան ստանալ նախնական աջակցություն եւ պաշտպանություն նույնիսկ մինչեւ պաշտոնական ճանաչումը:
Իրավասու մարմինները պարտավոր են հավաքել եւ ստուգել տեղեկությունը, հայտնաբերել հնարավոր դեպքերը տարբեր աղբյուրներից եւ անհապաղ փոխանցել Նույնացման հանձնաժողովին:
Նախանույնացումը սկսվում է հայտնաբերմամբ ու փոխանցմամբ եւ ներառում է անձի ինքնության, հանգամանքների եւ շահագործման վերաբերյալ բավարար տվյալների հավաքում: Իրավասու մարմինը հայտնաբերված անձին ընդունելիս նրա վերաբերյալ տեղեկությունը ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում բանավոր, այնուհետեւ գրավոր հայտնում է Նույնացման հանձնաժողովի նախագահին:
Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց պաշտոնական նույնացումը այս գործընթացի վերջին փուլն է: Հայտնաբերումից եւ իրավասու մարմի կողմից նախանույնացումից հետո դեպքերը ներկայացվում են Նույնացման հանձնաժողովին, որը ստեղծվել է Օրենքով։ Դրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ կառավարության N 1200-Ն որոշմամբ: Այն միակ մարմինն է, որը լիազորված է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձին ճանաչելու որպես զոհ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության N 1534-Ն որոշմամբ հաստատված ցուցիչները:
Նույնացումից հետո անձը ստանում է Հայաստանի օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների եւ ծառայությունների ամբողջ շրջանակի հասանելիություն, ներառյալ կացարանի, բժշկական օգնության, իրավաբանական օգնության, կրթության, զբաղվածության եւ փոխհատուցման հասանելիություն: Ուստի, այս փուլն անձի իրավունքների տեսանկյունից ունի հիմնարար նշանակություն»:
«Առավոտ» օրաթերթ
09.10.2025


















































