ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) հուլիսի 8-9-ը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ» թեմայով ամենամյա համաժողովին։ Այս տարի «Փող, անվտանգություն և ժողովրդավարություն. ընտրական կայունության պաշտպանություն թվային դարաշրջանում» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել էր Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Վեստմինստերյան ժողովրդավարության հիմնադրամի և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ:
Միջոցառումը միավորել էր Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական վարչարարության մարմինների և այլ պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը, ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտությանը և քաղաքական ֆինանսավորման նպատակով կրիպտոարժույթների օգտագործմանը։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի և Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Անժելիկա Կարամանի միջև։ Հանդիպումը կարևոր հնարավորություն է ընձեռել երկու ընտրական մարմինների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման կանոնների նկատմամբ վերահսկողության լավագույն փորձի փոխանակման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ նախագծեր, որոնք կնպաստեն երկու երկրներում ընտրական գործընթացների ամբողջականության բարելավմանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով