Օրերս Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրում նշվել է Մեղրաքամի ավանդական տոնը։ Տոնական միջոցառումը սկսվել է վերակառուցված Սուրբ Թադեոս եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգով՝ խորհրդանշելով համայնքային կյանքի և մշակութային արժեքների վերակենդանացումը։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ովքեր շնորհավորել են ներկաներին՝ ընդգծելով համայնքային արժեքների պահպանման և զարգացման կարևորությունը։ Ներկա են եղել նաև բազմաթիվ հյուրեր ու մասնակիցներ, այդ թվում վարչական ղեկավարներ, համայքի բնակիչներ։ Համայնքի ղեկավարի կողմից պատվոգրեր են հանձնվել Սուրբ Թադեոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներին աջակցած բոլոր ներկաներին, այդ թվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)։ Մեղրաքամի տոնն ուղեկցվել է ավանդական կերակրատեսակների ներկայացմամբ, հյուրասիրությամբ, ազգային և ժողովրդական երաժշտությամբ, պարերով ու մեղրաբույր ուրախ տրամադրությամբ։
Այս տոնակատարությունը վառ արդյունքներից է այն հսկայական աշխատանքի և աջակցության, որը տարիներ շարունակ իրականացնում է նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամբողջ Վայոց ձորի մարզում, այդ թվում՝ Գնիշիկ բնակավայրում։ Հիմնադրամի գործունեությունը մշտապես ուղղված է համայնքների զարգացմանը և հզորացմանը, քանի որ FPWC-ն հավատում է, որ միայն համայնքների հզորացման միջոցով է հնարավոր հասնել կայուն զարգացման և ապահովել հուսալի ապագա։
Հիմնադրամը զգալի ներդրումներ է կատարել Գնիշիկ և Մոզրով համայնքներում՝ կյանքի որակը բարելավելու և տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Գնիշիկ համայնքում Հիմնադրամի կողմից իրականացվել են LED լուսավորության, ջրային համակարգի, գյուղատնտեսական սարքավորումների տրամադրման, ոռոգման համակարգերի ներդրման և 2021 թվականին կրկին LED լուսավորության և ջրի ապահովման նախագծեր՝ ընդհանուր 42,063,198 ՀՀ դրամ արժողությամբ։ Մոզրով համայնքում էլ իրականացվել են LED լուսավորության և բազմաֆունկցիոնալ նախագծեր՝ ընդհանուր 40,682,385 ՀՀ դրամի չափով։ Գյուղական համայնքների զարգացման ծրագրով 2018-2019 թվականներին ընդհանուր առմամբ իրականացվել է 113,450,472 ՀՀ դրամի ներդրումներ՝ ուղղված լուսավորության, տրակտորի ձեռքբերման և ջրային/ոռոգման համակարգերի զարգացմանը։
Կարդացեք նաև
Հիմնադրամի կողմից ստեղծված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը ձգվում է մինչև Վայոց ձոր, մեծ ներդրում ունի պահպանության ուղղությամբ։ CWR անտառապահները ջանք չեն խնայում այս յուրահատուկ վայրը պահպանելու համար և իրականացնում են հատուկ հսկողություն 24/7 ռեժիմով՝ ապահովելով ինչպես համայնքի, այնպես էլ վայրի բնության անվտանգությունը։
Որպես կայուն և բնապահպանական զարգացման ջատագով՝ FPWC-ն իր դուստր կազմակերպության՝ Sunchild Eco Tours-ի միջոցով ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ։ Գնիշիկում ստեղծված յուրահատուկ հյուրատունը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու տարածաշրջանի և Գնիշիկի հարուստ կենսաբազմազանությանը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ