Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրավորված գործընթաց՝ հանրային հոգեբանության մեջ ներդնելու միտքը, որ Սյունիքի շուրջ «փոփոխություններն անխուսափելի են». Արմեն Հովասափյան

Հուլիս 31,2025 12:41

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյան. «Հետևելով վերջին զարգացումներին՝ ցցուն կերպով նշմարվում է, որ օրվա կառավարիչները սկսել է հետևողականորեն շահարկել Սյունիքի թեման՝ «օվերտոնյան պատուհանի» տեխնոլոգիայով այն բերելով հանրային գիտակցության առաջին գիծ։ Սա արվում է փուլային և մշակված մեթոդաբանությամբ, որն ուղեկցվում է պետական վերնախավի կողմից արված՝ իբր «պատահական», բայց իրականում խիստ հաշվարկված ազդակներով։

Նախ, օրերս, անձամբ Նիկոլն իր գրառման մեջ անդրադարձ էր անում «Հայաստանի 9 մարզերին», ինչը ոչ միայն մաթեմատիկական վրիպակ էր, այլև՝ վտանգավոր մեսիջ։ Մտահոգիչն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը պետական հայտարարությունների կամ գրառումների միջոցով «պատահաբար» արմատավորում է «նորմալացված աղետ»․ իրականում, «պատահականություններ» այս մակարդակում չեն լինում։ Լրիվ «պատահաբար» սրանք հայտարարում էին, որ «տղաները զոհվել են հանուն ոչնչի», հետո՝ «Ստեփանակերտ մուղամ լսելու էին հրավիրում», պատվիրակություն էին տանում Ղազանչեցոնց, ասում, թե «քանի հողերը չենք հանձնել, բերենք, թող տեսնեն», «Աղդամը՝ հայրենիք հռչակում» և այլն։ Գաղտնիք չէ, որ քաղաքական տեքստում ամեն բառ դառնում է հստակ ուղերձ՝ առաջին հերթին արտաքին շահառուներին։

Այնուհետև գործի անցավ Խաչատ(ու)րյան Վահագնը, որը պարբերաբար օգտագործվում է որպես մեղմ ազդակների տիրաժավորման գործիք։ Խաչատրյանի՝ Սյունիք կատարած շրջայցի ընթացքում հնչեցրած «պատրաստ ենք բացել դռները» արտահայտությունը դարձավ հաջորդ փուլի բաղկացուցիչը՝ արդեն ուղիղ կերպով ներկայացնելով Սյունիքը որպես դեպի արտաքին աշխարհ տանող անցումային գոտի։ Այդ «դուռը», որին խոստանում են բացել, իրականում դիվանագիտական տերմինաբանության մեջ ունի կոնկրետ հասցեատեր և սահմանված իմաստ՝ խոսքն ակնհայտորեն վերաբերում է, յսպես կոչված՝ «հաղորդուղիներին», զիջումներին և հնարավոր տարածքային «արտապատվիրակումներին»։

Ըստ էության՝ այս ամենը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնաբուխ գործողությունների շարք, այլ՝ ծրագրավորված գործընթաց՝ հանրային հոգեբանության մեջ ներդնելու այն միտքը, որ Սյունիքի շուրջ «փոփոխություններն անխուսափելի են»։ Սա էլ հենց Օվերտոնի պատուհանի մեխանիզմի հիմքն է. սկզբում անհնարինը դառնում է անսովոր, հետո՝ քննարկելի, ապա՝ ընդունելի, և վերջում՝ պետական քաղաքականություն։ Բայց առավել վտանգավոր է այն, որ այս գործընթացին զուգահեռ իշխանությունը ոչ միայն չի ապահովում ազգային ինքնապաշտպանական ռեֆլեքսների ուժեղացում, այլ ընդհակառակը՝ նպատակաուղղված չեզոքացնում է այն բոլոր կառույցները, հանրային ինստիտուտները և անգամ խորհրդանիշները, որոնք ունակ են դառնալ դիմադրության հենակետեր»։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031