Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊԸ-ն խուսափել էր հարկեր վճարելուց. պետությանը պատճառված 195,000 դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնվել է

Հուլիս 31,2025 15:11

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հ.Ա.-ի եղբորը՝ Հե.Ա.-ին պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են:

Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:

Կատարված վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հե.Ա.-ն, նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, պետական բյուջե վճարման ենթակա՝ 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ են ներառել հարկային հաշվարկներում:

2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա՝ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հե.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Հե.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031