Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովը վերահաստատեց Եկեղեցու անսասան առաքելությունը, որպես հույսի, բժշկության աղբյուր և հաշտության ու համերաշխության միջոց բոլոր ժողովուրդների և ազգերի համար, որոնք կանգնած են տառապանքի ու փորձությունների առջև

Սեպտեմբեր 12,2025 12:40
Ավարտվեց Մայր Սուրբ Էջմիածնում կազմակերպված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված համաժողովը

Սեպտեմբերի 3–7-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում էին Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Միջեկեղեցական հավաքին քննարկվեցին Նիկիական ժառանգության հոգևոր, հովվական և ժամանակակից կողմերին և քրիստոնեական միասնությանն առնչված հարցեր, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները։
Նիստերի ընթացքում Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում և ամբողջ աշխարհում տիրող ներկայիս դժվարին կացության, հատկապես արցախահայերի բռնի տեղահանության, Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիների, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի առնչությամբ։ Ժողովը վերահաստատեց Եկեղեցու անսասան առաքելությունը, որպես հույսի, բժշկության աղբյուր և հաշտության ու համերաշխության միջոց բոլոր ժողովուրդների և ազգերի համար, որոնք կանգնած են տառապանքի ու փորձությունների առջև։
Հատուկ անդրադարձ կատարվեց նաև թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին՝ ի խնդիր հոգևոր ծառայության, քարոզչության և կրթության առավել արդյունավորման՝ ուշադրության հրավիրելով նաև դրացում առկա վտանգներին։ Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ Նիկիայի ոգին, միասնության և Ավետարանին հավատարիմ մնալու հրամայականով, այսօր էլ կարող է ներշնչել քրիստոնյաներին վստահությամբ ու հույսով դիմագրավելու առկա մարտահրավերները՝ աճող աշխարհիկացման պայմաններում։
Ժողովի մասնակիցները վերահաստատեցին իրենց հանձնառությունը քրիստոնեական սիրով, միասնաբար և համատեղ տեսլականով ամեն ջանք գործադրել ի խնդիր ժողովուրդների ու ազգերի միջև խաղաղության, արդարության ու համերաշխության հաստատման։
Հավաքի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև ուխտագանցություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր։
Սեպտեմբերի 6-ին՝ Նիկիայի Սուրբ ժողովի 318 հայրապետների հիշատակության օրը, ժողովականները Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Կիրակնամտի ժամերգությանը։ Այս առիթով դուրս բերվեց Նիկիայի առաջին տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930