Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր դառնում է մշակութային կյանքի կենտրոն, և սիմֆոնիկ նվագախումբը  դրա ակտիվ մասնակիցն է. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 16,2025 15:48

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարվել է «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով, որի ընթացքում դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի սիմֆոնիկ համերգների շարք։

Առաջին համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ողջունելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի մեկնարկը՝ նախարարն ընդգծել է՝ հանդիսատեսը նշանակալի ծրագրի է ականատես լինելու ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ակտիվորեն հյուրախաղերի է մեկնում ամենատարբեր երկրներ: Առաջիկայում հյուրախաղեր են լինելու Գերմանիայում, Միջին Արևելքի երկրներում: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն արդեն նշանակալի իրադարձություն է դարձել Չինաստանում։ Առանձնահատուկ հպարտություն է, որ մեր հանդիսատեսը կարող է վայելել բարձրորակ երաժշտություն, մեր երկիր այցելած զբոսաշրջիկները կարող են ունկնդրել այն բարձր արվեստը, որը հնչում է նաև միջազգային բեմերից, ամենահեղինակավոր փառատոներում։

Հատկապես ուրախ եմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, շարունակելով ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման պետական քաղաքականությունը, համերգներ կունենա Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Վայոց ձորում: Վստահ եմ՝ մարզային բնակավայրերի քաղաքացիները մեծ անհամբերությամբ սպասելու են այս համերգներին: Բարձր մշակույթը մարզեր տանելու հետևողական քաղաքականությունը շարունակական է. Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր դառնում է մշակութային կյանքի կենտրոն, և սիմֆոնիկ նվագախումբը  դրա ակտիվ մասնակիցն է։

Առանձնահատուկ կարևոր է նաև հանգամանքը, որ սիմֆոնիկ նվագախումբը մեծ ուշադրություն է դարձնում հայ կոմպոզիտորների գործերի կատարմանը։ Նվագախումբը նաև ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ պահպանելով, հանրահռչակելով և տարածելով հայ դասական երաժշտությունն ու արվեստը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կատարած աշխատանքի համար:

«Արմենիա» փառատոնի առաջին համերգի ընթացքում երաժշտասերներն ունկնդրել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը` ջութակահար Դարիուս Պրոյսի մենակատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։ Հնչել են նաև անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։

Փառատոնի հաջորդ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, 30-ին և հոկտեմբերի 6-ին։ Ելույթ կունենան դաշնակահար Օլգա Շեպսը, դաշնակահար և դիրիժոր Էպիֆանիո Կոմիսը և ֆլեյտահար Տոմազո Բենչոլինին։ Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, հրավիրյալ դիրիժորներ Էպիֆանիո Կոմիսը և Նի Ֆանը։

Փառատոնային երեկոների ընթացքում ներկայացվել են հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների հայտնի երկեր։

Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա ավանդական փառատոներով, որոնք ունկնդրի կողմից սիրված են։

Նախատեսված են նաև նոր ձայնագրությունների թողարկումներ և համագործակցություններ, համերգային հյուրախաղեր։ Մասնավորապես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանը կնշանավորվի դեպի Գերմանիա աննախադեպ շրջագայությամբ։ Նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930