Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի անդրանիկ համերգը՝ «Երաժշտություն, որը ծնվել է Արցախում»

Սեպտեմբեր 30,2025 23:23

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի առաջին համերգը՝ «Երաժշտություն, որը ծնվել է Արցախում» խորագրով։

Հրավիրված գործընկերների, աջակիցների, համայնքի և երաժշտասեր համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ բեմ դուրս եկան ծրագրի բոլոր 23 մասնակիցները։

Այս յուրահատուկ համերգը միաժամանակ և հուզիչ էր, և հուսադրող․ տարբեր տարիքի Արցախից տեղահանված պատանի երաժիշտները ներկայացրին դասական ստեղծագործություններ՝ փոխանցելով ոչ միայն իրենց մասնագիտական առաջընթացը, այլև հույսի ու տոկունության ուղերձ։ Յուրաքանչյուր հնչյունում կենդանի էր Արցախի հիշողությունը, մշակութային ժառանգությունը և ապագայի հանդեպ վստահությունը։

Ծրագրի առաջին համերգը դարձավ խորհրդանշական հանգրվան՝ ամփոփելով վերջին ամիսներին սաների անցած ճանապարհը և ցույց տալով, որ երաժշտության միջոցով հնարավոր է ոչ միայն դիմակայել ամենադաժան փորձություններին և պահպանել մշակութային ինքնությունը, այլև դառնալ նոր կյանքի սկիզբ։

 

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930