ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում մասնակցել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի ներքո ստեղծված հայ-վրացական Համատեղ աշխատանքային խմբի՝ մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների միջև կայացած երկրորդ աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ԱԶԲ աջակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, համատեղ օգտագործման սահմանային անցակետ(եր)ի ներդրման առավել հարմար մոդելի և դրա հնարավոր տարատեսակների, հայ-վրացական անցակետերի աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքային հնարավորությունների և գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում դրանց ներդրման ռեալ հնարավորությունների, գործարկման առանձնահատկությունների և մեխանիզմների, ինչպես նաև գործող ընթացակարգերի ներդաշնակեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերի հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ կողմից ներկայացվել է մեծածավալ վերլուծություն, մասնավորապես, «Միասնական կամ ընդհանուր հարմարություններով» մոդելի և դրա ենթատեսակների ընդհանուր նկարագիրը և ներդրման հայեցակարգը, այդ թվում՝ ինժեներատեխնիկական նախագիծը, սահմանային համատեղ հսկողության անցակետի ներդրման գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը, համատեղ հսկողության մոդելի կիրառման համար ընտրված անցման կետի շահագործման հիմնական սկզբունքները։
Քննարկվել է հատկապես «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառման, ինտեգրված տեղեկատվական համակարգերի գործարկման, ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների, ընդհանուր շինության և համատեղ հսկողության գոտու ստեղծման, ինչպես նաև սահմանային հսկողության մարմինների կողմից համակցված հսկողական գործառնությունների իրականացման միջոցով սահմանահատման գործընթացների պարզեցման հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում զգալիորեն կպարզեցվեն և կբարելավվեն հայ-վրացական սահմաններով ուղևորների և բեռների տեղափոխման ընթացակարգերը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել եռակողմ աշխատանքները՝ համատեղ օգտագործման անցակետի՝ կողմերի համար առավել ընդունելի մոդելի հաստատման, անցակետի ներդրման հայեցակարգի մշակման, գործող օրենսդրական կարգավորումների և կիրառվող հսկողական գործառնությունների վերլուծության, ինչպես նաև սահմանահատման գործընթացների պարզեցման, ներդաշնակեցման ու համատեղման ուղղությամբ։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն` համապատասխան միջազգային պայմանագրի մշակման ուղղությամբ` համատեղ օգտագործման անցակետի ներդրման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքների և ընթացակարգերի սահմանման նպատակով:
Հանդիպման վերջում կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունավետության առնչությամբ՝ արձանագրելով փոխգործունեության հետագա անհրաժեշտ ուղղությունները։
Հիշեցնենք, որ նշված ծրագրի շրջանակում Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների միջև առաջին աշխատաժողովը տեղի է ունեցել Երևանում՝ սույն թվականի հուլիսի 24-ին։
ՊԵԿ


















































