Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հարուցված գործի քննությունը Քննչական կոմիտեն 20 օրում ավարտել է ու ուղարկել դատարան: Գարեգին Բ կաթողիկոսի մերձավորների դեմ՝ մեկ հոգու ցուցմունքով հարուցված քրեական գործը կայծակնային արագությամբ հասել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորված են իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամի հաղորդման հիման վրա: Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար պայքարող նրանց թեկնածուն՝ Հարություն Մկրտչյանը, նախ Ֆեյսբուքում էր գրել, թե Ոսկեհատ գյուղում կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան խոչընդոտել են իրենց քարոզարշավը, հետո էլ նրանց թիմակիցներից մեկը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:
Ներսիսյանների փաստաբան Արա Զոհրաբյանն այդ ժամանակ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեք անձ պարզապես զրուցում են, եւ որեւէ արտառոց իրավիճակ չկա, այսինքն՝ խոչընդոտելու փաստը չի հաստատվում:
Նշենք նաեւ, որ Վեհափառի քրոջ որդին` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը եւս կալանքի տակ է։


















































