ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ այցելելով մարզի մի շարք կրթական և մարզական հաստատություններ։
Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Ժաննա Անդրեասյանը նախ եղել է Գյումրու թիվ 41 և թիվ 19 հիմնական դպրոցներում, որոնք հիմնանորոգվել են Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում:
Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել ուսումնական միջավայրին, զրուցել ուսուցիչների և սովորողների հետ:
Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, և անձնակազմն օրերս է տեղափոխվել նորակառույց շենք։ Ծրագրի արժեքը կազմել է 332 մլն 991 հազար դրամ։ Դպրոցն արդեն ապահովված է նաև նոր ուսումնական գույքով։ Դպրոցում սովորում է 711 աշակերտ: Նախարարը շրջել է վերանորոգված շենքում, ծանոթացել դասասենյակների, ԲՏՃՄ լաբորատորիաների և ընդհանուր օգտագործման տարածքների պայմաններին։
Կարդացեք նաև
Քննարկվել են կրթական միջավայրի արդիականացմանն ու ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Դպրոցն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։
Ժաննա Անդրեասյանը նաև հետևել է ֆիզիկայի լաբորատորիայում իրականացվող ուսումնական գործընթացին և հետաքրքրվել աշակերտների տպավորություններով նոր պայմաններից՝ կարևորելով գործնական ուսումնառության դերը կրթության որակի բարձրացման գործում։
9-րդ դասարանի աշակերտների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ավարտական քննությունների նոր ձևաչափը։ 2025–2026 ուսումնական տարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունները կհանձնեն էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով։ Այս փոփոխությունը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման անհրաժեշտությամբ։
Դիմելով աշակերտներին՝ նախարարն ընդգծել է․ «Մենք բոլորս սովորելու գործընթացում ենք։ Եթե այսօր ինչ-որ բանում դժվարանում եք, դա չի նշանակում, որ վաղն էլ նույնը կլինի։ Կարևոր է փորձել և աշխատել։ Նոր մոտեցման նպատակը անգիր սովորեցնելը չէ․ դուք կարդում եք փոխկապակցված պատմական և գրական նյութեր, վերլուծում եք և ներկայացնում ձեր սեփական մտքերը։ Այստեղ չկա «ճիշտ» կամ «սխալ» պատասխան․ կարևորն այն է, թե ինչպես եք մտածում և ինչ եզրահանգումների եք գալիս։ Սա հայոց լեզվի քննություն չէ․ մենք քերականություն չենք ստուգում, այլ ցանկանում ենք գնահատել ձեր վերլուծական կարողությունները։ Այսօր տեղեկատվությունը հասանելի է բոլորին, բայց կարևորն այն է, թե ինչպես եք այն հասկանում և մեկնաբանում։ Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրի մոտ ամեն ինչ լավ կստացվի»։
Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում ևս հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, դպրոցը հագեցվել է նոր գույքով: Գարնանային արձակուրդներից հետո աշակերտները հնարավորություն կունենան շարունակելու ուսումնառությունը վերանորոգված, ժամանակակից և հարմարավետ պայմաններում։ Դպրոցի վերանորոգմանը հատկացվել է 383 մլն 400 հազար դրամ։
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ: ԿԳՄՍ նախարարության՝ վերջին շրջանում իրականացվող նախաձեռնության շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը և մարզի դպրոցականները՝ գիտաշխատողների ուղեկցությամբ, շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող գիտական ծրագրերին և ընթացիկ հետազոտություններին, որի ընթացքում աշակերտները մասնագետներին ուղղել են իրենց հուզող հարցերը:
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ, ապագա ծրագրերով և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։
Նշենք, որ գիտական կառույցներ այցելելու նախաձեռնության նպատակն է խթանել աշակերտների հետաքրքրությունը գիտության նկատմամբ և հնարավորություն ընձեռել նրանց անմիջականորեն ծանոթանալու գիտահետազոտական գործունեությանը։ Այցերը լինելու են շարունակական:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


















































