Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթացավ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը:
Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել էր մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ՝ գործում բացակայում են դա հիմնավորող ապացույցները։
Նիստից հետո փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ շատ հետաքրքիր ու սպասելի նիստ է կայացել. «Առաջին հերթին փորձեցինք Ազգային ժողովի նիստի մասն ամփոփել՝ հասկանալու համար՝ ի՞նչն էր գաղտնի, ինչը՝ գաղտնագրված։ Պարզեցինք, որ ոչինչ չկա գաղտնագրված: Դատախազներն էլ, ըստ էության, հրաժարվեցին մատնացույց անել, թե այդ 53 էջանոց սղագրության մեջ որ միտքը, բառակապակցությունը կամ որ պարբերությունն է եղել գաղտնիք։
Այդ մասով դատարանը շատ չպնդեց՝ պատճառաբանելով, որ գործիքակազմ էլ չունի պնդելու կամ հորդորելու, որ պատասխան տան, այլ ուղղակի կողմերն իրենց հայտարարություններով են սահմանափակվում: Նաեւ արձանագրեց, որ եթե վերջում հասնենք նրան, որ մնա չփարատված կասկած, թե արդյոք առհասարակ պետական գաղտնիք կա, դա արդեն վերջնական դատական ակտով իր գնահատականը կունենա։
Կարդացեք նաև
Շատ հետաքրքիր էր, իհարկե, որպես ցուցիչ, քանի որ դա բաց հատվածից էր նախաքննության, մենք լսեցինք Ազգային ժողովի նախորդող քննարկումները, որտեղ պատճառաբանությանը, թե ինչու պիտի փակվեր առհասարակ այդ նիստը, նախագահողն ասում է՝ կարող է հիմա զեկուցողները գան խոսելու, ակամա պետական գաղտնիք հայտնեն։ Մենք էլ փորձեցինք հիմնավորել, որ կամա թե ակամա պետական գաղտնիք հայտնելու կառուցակարգ չկա, պետք է մարդկանց, երբ որ փոխանցում ես պետական գաղտնիքը, հստակ նշես։ Մատնացույց արեցինք, որ նույնիսկ պոստ ֆակտում առհասարակ չկա պետական գաղտնիք, եթե ինչ-որ մեկը եկել, ինչ-որ մի բան է ասել, հետո չի արձանագրել, որ ա՛յ, իմացեք, այս քննարկման ընթացքում սա, որ բացահայտեցի, պետական գաղտնիք էր։ Սա շատ կարևոր արձանագրում էր, այսինքն՝ եթե այս հանգամանքը վերջում դուրս գա, գործը փլվելու է»,- նշեց Տաթևիկ Սողոյանը։
«Պաշտպանության կողմը ևս մեկ անգամ միջնորդեց, որպեսզի անցնենք գործի քննության դռնբաց ռեժիմի, ինչը դատարանի կողմից մերժվեց այն պատճառաբանությամբ, որ թեև ԱԺ նիստի արձանագրությունը քննարկել ենք, և այդտեղ պետք է լիներ պետական գաղտնիքը, բայց հաջորդիվ ոնց որ թե այդ պետական գաղտնիքը պետք է նաև քննարկվի Անդրանիկ Թևանյանին վերաբերող ապացույցներում։ Ու քանի որ կարող է այդ հարցը լինի, քանի դեռ դրան չենք հասել, չենք հետազոտել, քննությունը կլինի դռնփակ ռեժիմով։ Սա մեզ բերում է այն հետևության, որ մենք սպասելու ենք ու անընդհատ ասելու ենք՝ վերջը կարկանդակի կարտոշկային հասանք, թե՞ չհասանք… Նշեմ նաև, որ հանգամանալից ելույթով հանդես եկավ պարոն Թևանյանը։ Շատ ափսոսում եմ, որ հանրությունը զրկված է դա ունկնդրելուց»։
Փաստաբանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին, մյուս նիստը՝ դեկտեմբերի 15-ին, երրորդը՝ հունվարի 12-ին։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ՝ հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































