«Եթե գնային քաղաքականությունը լավը լինի, մեր ընտանիքը չէ միայն, ցանկացած տնտեսվարող կուզենա, որ ինքը ավելի մրցունակ լինի։ Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ցանկանալու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»,-հարցին՝ Ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկո՞ւմ են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանելը, թե՝ ոչ, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Նա բացատրեց, որ Ադրբեջանի տարածքն օգտագործելով՝ հնարավոր կլինի խուսափել լոգիստիկ ծախսերից․ «Եթե քո հարևանից վերցնում ես, էդ լոգիստիկ ծախսը չի լինի, նշանակում է, որ ավելի էժան գնով կարող ես ձեռք բերել։ Ես ո՞ւմ, ի՞նչ բացատրեմ»։ Լրագրողների դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է ադրբեջանական տարածքի փոխարեն օգտագործել Աբխազիայի երկաթգիծը, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց․ «Բա 20 տարի Աբխազիայի հետ ի՞նչ էին անում, նարդի էին խաղո՞ւմ։ 30 տարի ի՞նչ է եղել Աբխազիայի հետ՝ մի օր Վրաստանը չէր համաձայնում, մի օր Աբխազիան, մի օր Ռուսաստանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից էլ խոսակցություն կար, որ կարող է Աբխազիան բացի, հիմա էդ «կարող են» ո՞ւր է․ 30 տարի անցել է»։
Այն, որ ՀՀ-ն ցանկանում է ռուսական կողմից վերցնել երկաթուղու կոնսեսիոն կառավարումը՝ ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ ձեռնտու է նաև ռուսների համար․ «Գիտեմ՝ այսօր բավականին ֆինանսական ու տարբեր խնդիրներ կան։ Ցանկալի է, որովհետև ՌԴ-ի հետ կպնելու ենք ինչ-որ մի տեղ, լավ կլինի՝ ՌԴ-ն ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի։ Մեկ է՝ ՌԴ-ն նույնպես շահելու է, քանի որ տարածաշրջանը սկսելու է շնչել․ օրինակ՝ Հնդկաստանից ապրանք կարող է գալ, անցնել, ՌԴ-ն էլ է մաս ունենալու»։
Հարցին՝ Ադրբեջանից բենզինի ներկրումը մշտական բնույթ կունենա՞, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ տեղյակ չէ, չի հետաքրքրվում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































