Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը մեջբերեց 2 օրինակ՝ ցույց տալով, թե ինչու է ադեկվատությունը կորցրել Նիկոլ Փաշինյանը

Ապրիլ 18,2026 19:28 Share

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթը սկսեց դահլիճում նստածներին հարց ուղղելով։

«Ո՞րն է, ձեր կարծիքով, ամենամեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար»։

Մի տղամարդ ոտքի կանգնեց ու ասաց՝ «Ստի իրականությունը», մեկ ուրիշն ասաց՝ «Այսօրվա իշխանությունը»։

«Ես՝ որպես մի մարդ, որը առաջին պաշտոններում է եղել երկու երկրների՝ Ղարաբաղում և Հայաստանում բավական երկար ժամանակ, կարող եմ միանշանակ ասել՝ ամենամեծ սպառնալիքն այդ երկրի համար անհաջող առաջնորդն է այդ երկրի՝ ստախոս, տգետ, խառնակիչ։

Յուրաքանչյուր երկրի համար, որովհետև նման առաջնորդի վնասը կրկնակի վնաս է։ Առաջինը քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդի մի զանգվածին մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների, խառնում է ընդհանրապես ինստիտուցիոնալ կառավարումը երկրում։

Եվ երկրորդ՝ նման կերպարի հետ դրսում ոչ ոք չի ուզում համագործակցել։ Եվ նման կերպարը դառնում է գործիք այլ ուժերի ձեռքերում։ Վնասը կրկնակի է՝ ներսում և դրսում։

Սա ճիշտ այն է, ինչ մենք Հայաստանում այսօր ունենք։ Ներսում տեսնում ենք այս մթնոլորտը, դրսում տեսնում ենք, թե ոնց են թշնամանում բարեկամների հետ, բայց նոր բարեկամներ չեն ստեղծվում և ոնց են գործիք դառնում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ձեռքում։ Եվ այս ամենի գինը վճարում է մեր ժողովուրդը։

Իմ գնահատականը հետևյալն է ՝ մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ», -ասաց  Ռոբերտ Քոչարյանը՝ երկու օրինակների մեջբերմամբ «ամրացնելով» իր այս պնդումը։

«Վերջերս մի «հանճարեղ» միտք հնչեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, ես չգիտեմ՝ ինչ պետք է կատարվի մարդու գլխում, որ այսպիսի միտք կարող է ի հայտ գալ։

Սա նույնն է, որ Պաղեստինի ժողովուրդը հայտարարի, որ իր անվտանգության երաշխավորը Իսրայելն է և վարչապետ Նեթանյահուն է, այն ամենից հետո, ինչ կատարվեց այնտեղ․ 70 հազարից ավել զոհ, որից 2/3-ը կին և երեխա են։ Հնարավո՞ր է այսպիսի բան, ուղղակի հնարավոր չէ։

Ինչի՞ համար է սա արվում, մեկ պարզ բանի համար, որ խաղաղության թեման դառնա մահակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի վրա ճնշելու համար, կամքին հարվածելու համար, այլ բացատրություն այստեղ չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց՝ խաղաղության թեման չպիտի դառնա այս ընտրություններում ժողովրդի վրա ճնշում գործադրելու թեմա։

«Երկրորդ ոչ ադեկվատության օրինակը ես բերեմ․ բոլորդ գիտեք այն, ինչ կատարվեց Կիրանցում, հանձնվեցին հողեր, ասացին, որ սա  դեմարկացիա է, դելիմիտացիա է, սահմանազատում և ասացին՝ մենք մեր հերթին կստանանք այն, ինչ պատկանում է Հայաստանին։

Մենք հողերը հանձնեցինք, դիմացը ոչինչ չստացանք։ Բայց ամենահետաքրքիրն այլ բան է, կառուցվեց մի պատ,  որը ներկայացվում է մեր ժողովրդին որպես խաղաղության խորհրդանիշ։ Ամբողջ աշխարհում պատը բաժանում է, ոչ թե միացնում է։ Բեռլինյան պատը եղել է սառը պատերազմի խորհրդանիշ ամբողջ աշխարհի համար, Չինական պատը եղել է պաշտպանիչ պատ հյուսիսից տարբեր վայրի ցեղերից պաշտպանվելու։

Բայց մենք ունենք մի առաջնորդ, որը տուրիստական գիդ է դարձել, տանում է մարդկանց այնտեղ և ցույց է տալիս պատը և ասում է՝ սա խաղաղության խորհրդանիշ է, մինչդեռ ամբողջ աշխարհում պատը բաժանման խորհրդանիշ է։ Հիմա սա ադեկվատության նշա՞ն է, թե՞ ոչ»,- հարցրեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց՝ սա առողջ մտածելակերպ ունեցող մարդու մոտեցում չէ, բայց այդ հիվանդությամբ ուզում է վարակել մեր ողջ ժողովրդին։

«Երբ երկու հարևան իրար մոտ համերաշխ են ապրում, բարձր պատ չեն կառուցում, հակառակը՝ թափանցիկ մի բան են սարքում, որովհետև իրարից չեն զզվում, համերաշխ են, բայց իրականությունն այսօր սա է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ երկու օրինակների մեջբերմամբ ցույց տվեց, թե ինչ խառնաշփոթ է երկրի իշխանության գլխում և դա ինչպես կարող է անդրադառնալ երկրի խաղաղության, բարեկեցության վրա։

Ըստ նրա, այս ամենը լավ հետևանքների չի բերելու։

«Մեկ-մեկ իրարամերժ այնպիսի հայտարարություններ են անում, որ ասում ես՝ լավ, եթե այսպես են մտածում, հոգեբանի կամ հոգեբույժի կարիք ունեն, եթե այդպես չեն մտածում, ուրեմն մի ամբողջ ժողովրդի դնում են խելագարի տեղ։

Սիրելի ժողովուրդ, մենք այս մենը շտկելու պատմական հնարավորություն ունենք և այդ հնարավորությունը հունիսի 7-ն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ նման իշխանության պաշտոնավարման ամեն օրը կորուստ է երկրի համար, սակայն, ըստ նրա, քիչ է մնացել և միասին հեռացնելու են իշխանությանը։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև մարզերի համաչափ զարգացմանը, ասաց, որ « քաղաք- պետություն» մոդելը Հայաստանի համար շատ վտանգավոր է, բնակչության 1/3-ը կենտրոնացել է Երևանում, դրա համար այնպես պետք է անեն, որ մարզերում լինեն աշխատատեղեր ու ապրելը լինի հետաքրքիր։ Նա խոստացավ Վանաձորը վերածել լուրջ զբոսաշրջային կենտրոնի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930