ՄԻՊ Անահիտ Մանասյանն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։
Նա նշեց, որ նախընտրական ժամանակահատվածում ատելության խոսքը սրված է։ «Գրեթե բոլոր հիմքերով ատելության ու խտրական խոսքի դրսեւորումներ են առկա։ Հատուկ պետք էլ չէ հիմքերը թվարկել, չկա մի հիմք, որ կարող ենք ասել՝ այ այս հիմքով չկա ատելության խոսքի կամ խտրականության դրսեւորում՝ կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների հիմքով։ Ես պահանջում եմ բոլոր դերակատարներից, որպեսզի նրանք շատ զգայուն լինեն, զերծ մնան այսպիսի խոսքի տեսակներից՝ բռնի տեղահանված անձանց, փախստականների իրավունքների հետ կապված դարձյալ շարունակվել են խնդիրները։ Ես հատուկ շեշտադրել եմ նաեւ այս խմբի նկատմամբ զգայունության կարեւորությունը»,- ասաց նա։
Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաեւ գտնվելու վայրն անհայտ անձանց, Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների հարցին։ «Ես եւս մեկ անգամ շեշտադրում եմ, որ այս անձանց իրավունքները պետք է իրապես գտնվեն ուշադրության կենտրոնում, իսկ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված անձինք միանշանակ պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով խոսքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու պրակտիկային՝ Անահիտ Մանասյանն ասաց․ «Հատկապես խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման առումով մի քանի մտահոգություններ ունեմ։ Մի շարք դեպքերում ակնհայտ է, որ խոսքի ազատության իրավաչափ սահմանները խախտվել են։ Բազմաթիվ հարցեր է հարուցում այն հանգամանքը, թե արդյոք այդ խախտման համար ընդհանրապես կարո՞ղ է կիրառվել քրեական պատասխանատվություն, թե՞ ոչ։ Բոլորիս է հայտնի, որ քրեական պատասխանատվությունը խոսքի ազատության սահմանների խախտման համար բացառապես ամենամեծ հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում կարող է կիրառվել։ Հետեւաբար, մի շարք դեպքերում նաեւ հայեցողական արդարադատության տպավորություն է ստեղծվում։ Այս խնդրին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել»։
Մանասյանը նաեւ նշեց, որ աճել են ՔՀԿ-ներում մահվան եւ ինքնասպանության դեպքերը, ինչը մտահոգիչ է։ Ըստ նրա ՝այս հարցում համակարգային լուծումներ են պետք։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































