Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելիությունը ծնում է նոր բարբարոսություն, և դրա մեղավորը նաև դուք եք. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Ապրիլ 22,2026 14:35 Share

Արցախը աշխարհի միակ վայրն է, որտեղ քրիստոնեական սրբություններ են ավերվում, իսկ աշխարհը լուռ է

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար և անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամին ոչնչացնում է քարը, որովհետև սարսափում է այդ քարի մեջ դրոշմված հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական անքակտելի իրավունքից։ Նրանք քանդում են մեր սրբավայրերը՝ մեր գոյության հետքերն իսպառ ջնջելու հիվանդագին մոլուցքով։

Բայց ամենազզվելին ու ամոթալին Հայաստանի օրվա իշխանությունների քար լռությունն է։ Երբ թշնամին պղծում և պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեզոքություն կամ «խաղաղության դիվանագիտություն» չէ։ Դա ուղիղ հանցակցություն է և ազգային դավաճանություն։ Պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում։

Նույնքան զզվելի և կեղծավոր է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի», միջազգային կառույցների և համաշխարհային քրիստոնեական համայնքի կուրությունն ու խուլ անտարբերությունը։ Ձեր լռությամբ դուք գործակից եք դառնում 21-րդ դարի ամենացինիկ տեռորին։ Անպատժելիությունը ծնում է նոր բարբարոսություն, և դրա մեղավորը նաև դուք եք։

Մենք պահանջում ենք միջազգային քրիստոնեական կառույցներից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից. դուրս գալ անատամ և անիմաստ դիտորդի վախկոտ կարգավիճակից, անհապաղ փաստահավաք խումբ ուղարկել օկուպացված տարածքներ և գործուն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ վերջ տալ նվաստացման ու զիջումների այս կործանարար ընթացքին։ Անհապաղ և հրապարակային կոշտ հարված տալ այս քաղաքականությանը միջազգային բոլոր հարթակներում։ Ձեր լռությունը չի բերելու խաղաղություն, այն բերելու է նոր մորթ ու պղծում։

Համայն հայությանը կոչ ենք անում՝ սթափվե՛ք թմբիրից։ Վերջ տվեք անտարբերությանը։

Արցախի եկեղեցիները պարզապես քարե շենքեր չեն, դրանք մեր ինքնության ողնաշարն են։ Ով այսօր կուլ է տալիս իր սրբավայրերի կործանումը, վաղը կորցնելու է իր տունն ու պետականությունը։ Այս ոճրագործության առաջ լռողները պատասխան են տալու պատմության առաջ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930