ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ Պտղնիի տաճար, Քարաշամբի ամրոց, եկեղեցի և դամբարանադաշտ, Բջնիի ամրոց:
Պտղնիի տաճարում ԿԳՄՍ նախարարության պատվերով շարունակվում են ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները:
Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել մասնագիտական դիտարկումներ։
Քարաշամբում դամբարանադաշտի հնագիտական պեղումների երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանի հետ քննարկվել են դամբարանադաշտի պահպանությանը վերաբերող հարցեր:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը տեղադրվել է տեղեկատվական վահանակ:
Քարաշամբի եկեղեցում համայնքի բնակիչների հետ քննարկվել է եկեղեցու ամրակայման և վերականգնման հարցը՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Շեշտվել են հուշարձանների մաքրության հարցը և համայնքի հետ մշտական կապի կարևորությունը:
Բջնիի ամրոցում քննարկվել են նորակառույց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին և ամրոցում նոր հայտնաբերված գաղտնուղուն վերաբերող հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































