Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում հայերին թույլ չեն տալիս ցույց անել Թուրքիայի դեսպանատան մոտ

Ապրիլ 23,2026 11:24 Share

«Վրաստանի հայ համայնք» հ/կ-ն հայտարարում է, որ հրաժարվում է ապրիլի 24-ի ցույցը անցկացնել որևէ այլ վայրում, բացի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից։

2005 թվականից ի վեր, արդեն 20 տարի շարունակ ապրիլի 24-ին Թբիլիսիում, Թուրքիայի Հանրապետության դեսպանատան հարակից տարածքում, անցկացվում է խաղաղ ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ողբերգություն, որը խլել է մեկուկես միլիոն հայերի կյանք և անջնջելի հետք թողել ողջ մարդկության պատմության վրա։

2026 թվականին մեր կազմակերպությունը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված ժամկետների լիակատար պահպանմամբ, գրավոր դիմումով պաշտոնապես դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան՝ խնդրելով միջոցառումն անցկացնել ավանդական վայրում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում։

Դիմումից մի քանի օր անց մեզ հետ հեռախոսով կապ հաստատեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության միասնական դեպարտամենտի ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ մերժվել է միջոցառումը նշված վայրում անցկացնելու մեր դիմումը՝ հնարավոր ռիսկերի կանխման նպատակով։

Ի պատասխան՝ մենք պահանջեցինք ներկայացնել տվյալ որոշումը հաստատող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Սակայն հաջորդող օրերին բախվեցինք պետական կառույցների միջև համակարգման բացակայությանը․ քաղաքապետարանը և ՆԳՆ-ն համապատասխան որոշման մասին տեղեկություն չունեին։

Դրանից հետո մենք կրկին դիմեցինք քաղաքապետարան և պահանջեցինք գրությունը։ Անբավարար պատասխան ստանալուց հետո կրկին զանգահարեցինք այն նույն համարով, որով մեզ զանգահարել էին պարեկային ոստիկանությունից։

Այնուհետև նույն անձը տեղեկացրեց, որ պետք է ներկայանանք պարեկային ոստիկանություն և այնտեղ ստանանք պատասխան գրությունը։ Ուրբաթ՝ Ապրիլի 17-ին, գնացինք պարեկային ոստիկանություն և պահանջեցինք Ապրիլի 24-ի վերաբերյալ գրությունը, սակայն մերժում ստացանք ։ Պատճառաբանվեց, որ քաղաքապետարանից իրենց չի փոխանցվել որևէ գրություն, և, համապատասխանաբար, իրենք չեն կարող որևէ պատասխան տալ միջոցառման վերաբերյալ։

Հաջորդիվ քաղաքապետարան այցի ընթացքում մեզ կոդ տրամադրեցին, որի միջոցով պարզվեց, որ մեր կողմից ներկայացված գրությունը փոխանցվել է պարեկային ոստիկանություն։

Այնուհետև այդ կոդով կրկին կապ հաստատեցինք պարեկային ոստիկանության հետ, սակայն այս անգամ ևս չստացանք պատշաճ պատասխան։

Ապրիլի 21-ին կազմակերպության նախագահը և վարչության անդամներից մեկը կրկին այցելեցին քաղաքապետարան, որտեղ նրանց հայտնեցին, որ անհրաժեշտ գրությունը փոխանցվել է ՆԳՆ, ՆԳՆ-ն էլ կրկին պատասխանեց, որ նման գրություն իրենց չի փոխանցվել։

Այնուհետև մենք կրկին կապ հաստատեցինք նույն հեռախոսահամարով, որով մեզ արդեն մի քանի անգամ զանգահարել էին այս հարցի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ իրականում գրությունը գոյություն ունի, և պարեկային դեպարտամենտի ներկայացուցչի և ֆրոնտ-դեսկի օպերատորի հեռախոսազրույցից հետո պարզ դարձավ, որ գրությունն իսկապես գոյություն ունի և պետք է փոխանցվի կազմակերպության նախագահին։

Գրության մեջ նշված է հետևյալը․

«Վրաստանի «Հավաքների և մանիֆեստացիաների մասին» օրենքի համաձայն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարտավոր է պահպանել հավասարակշռություն հավաքների և մանիֆեստացիաների ազատության և այն անձանց իրավունքների միջև, ովքեր ապրում, աշխատում կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում այն վայրերում, որտեղ անցկացվում է հավաք կամ մանիֆեստացիա։ Այդ անձանց չպետք է խոչընդոտվի շարունակել իրենց գործունեությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նաև պարտավոր է պահպանել հավասարակշռություն հավաքների և մանիֆեստացիաների ազատության և հասարակական անվտանգության, իրավակարգի, տրանսպորտի և քաղաքացիների անխափան տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև։

Այդ նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը իրավասու է դիտարկել հավաքի կամ մանիֆեստացիայի անցկացման ժամանակի և/կամ վայրի կամ երթուղու փոփոխման նպատակահարմարության հարցը։

Համապատասխանաբար, հաշվի առնելով ձեր կողմից նշված վայրի տեղադրությունը և առանձնահատկությունները, հավաքի անցկացումը կարող է հանգեցնել վերոնշյալ նորմով սահմանված պահանջների խախտման հավանականությանը, ուստի խնդրում ենք դիտարկել միջոցառման անցկացման վայրի փոփոխման նպատակահարմարությունը»։

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ քաղաքացիների իրավունքներին վերաբերող որոշումները կայացվում են ոչ թափանցիկ եղանակով և զգալի ուշացումներով են հաղորդվում շահագրգիռ կողմերին: Այս գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և խաթարում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։

Տարիներ շարունակ Վրաստանը ներկայացել է որպես իրավունքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և խոսքի ազատության սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետություն։

Մենք համոզված ենք, որ հասարակության բոլոր խմբերը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները, պետք է կարողանան ազատորեն և խաղաղ կերպով արտահայտել իրենց քաղաքացիական տեսակետները հենց այս պայմաններում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մեր կազմակերպությունը հայտարարում է, որ հնարավոր չի համարում միջոցառման վայրի փոփոխությունը և մեր ավանդական միջոցառումը չի անցկացնի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից բացի որևէ այլ տեղ։

Մենք ընդգծում ենք, որ մեր նպատակը խաղաղ ցույցն է՝ ուղղված պատմական հիշողության պահպանմանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն և կոչին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Մենք նաև կոչ ենք անում համապատասխան պետական մարմիններին՝ ապահովել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, հավաքների և խոսքի ազատությունը և գործել թափանցիկության և օրենքի գերակայության շրջանակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930