«Առաջարկում ենք ձևավորել համայնքային նոր միավորումներ՝ իրականացնել համայնքների խոշորացում հետևյալ մարզերում՝ ՀՀ Լոռու մարզում միավորելու Ստեփանավան, Լոռի բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքները՝ ձևավորելով Ստեփանավան խոշորացված համայնքը 20 բնակավայրերով, Սյունիքի մարզում միավորել Գորիս, Տեղ և Տաթև համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և Վայոց ձորի մարզում միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս խոշորացված համայնքները՝ ձևավորելով Եղեգնաձոր նոր խոշորացված համայնք 32 բնակավայրերով»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացնելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Խոշորացման գործընթացին կմասնակցի 9 համայնք, 80 բնակավայրեր, ինչի արդյունքում ՀՀ համայնքների թիվը կնվազի՝ կազմելով 64։ Կշարունակեն մնալ 7 չխոշորացված համայնքներ՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։
Խոսելով այս փնջերով խոշորացման սկզբունքի մասին՝ փոխնախարարը նշեց․ «Նման սկզբունքով խոշորացման իրականացման հիմնավորումն այն է, որ մենք բազմիցս քննարկել ենք՝ շրջանային սկզբունքով միավորումն ավելի արդյունավետ է փնջային սկզբունքով համայնքների միավորումից։ Մենք սրանով մոտարկում ենք տվյալ համայնքների վարչական սահմանները նախկին շրջանային սկզբունքին»։
Առնակ Ավետիսյանը վստահեցրեց՝ նախագիծը քննարկվել է շահագրգիռ համայնքների հետ․ «Տեղերում քննարկումներ ենք կազմակերպել համայնքների ավագանիների և ղեկավարների մասնակցությամբ։ Առաջարկում ենք նաև ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, որ մինչև նշված համայնքների ավագանիների լիազորությունների դադարումը նշանակվեն ընտրությունների օրեր»։
Կարդացեք նաև
Խոսելով ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նշանակման մոտավոր օրերի մասին՝ Առնակ Ավետիսյանը նշեց 2026-ի աշուն՝ սեպտեմբերի վերջ, հոկտեմբեր, նոյեմբեր։
Նա հորդորեց, որ հարցը քննարկվի 24-ժամյա ռեժիմով, որպեսզի այս գումարման խորհրդարանում ընդունվի օրենքը, և հնարավոր լինի ընտրությունների օրեր նշանակել մինչև համայնքների ավագանիների լիազորությունների դադարումը։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































