Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի աշխարհաքաղաքական մահվան արարն է»․ ՀՀԿ-ի ցույցը ԵՄ գագաթաժողովին զուգահեռ

Մայիս 04,2026 15:42 Share

«Մի տխուր անեկդոտ հիշեցի, երբ նիկոլական քարոզչությունը փորձում է այս միջոցառումը ներկայացնել իբրեւ ձեռքբերում»․ մարզահամերգային համալիրի մատույցներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իսկ անեկդոտը հետեւյալն էր․ «Մարդիկ գնում են թաղում, հետո զրուցում են՝ ասելով՝ այնքան շատ մարդ կար, քիչ էր մնում դագաղն երկու տեղ դնեին»։

Հայաստանում ընթացող ԵՄ գագաթաժողովը Արմեն Աշոտյանը համեմատում է Հայաստանի «թաղման» տեսարանի հետ․ «Հայաստանի աշխարհաքաղաքական մահվան արարն է»։

ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը, Արցախի հարցի եւ արցախցիների վերադարձի իրավունքի, նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, եկեղեցու վրա ճնշումների մասին բարձրաձայնելու համար։ Ոստիկանները, սակայն, փակել էին հիմնական փողոցները, որտեղով անցնելու են եվրոպական երկրների ղեկավարները եւ ցուցարարները չէին կարողանում իրականացնել նախատեսված ակցիաները։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով՝ դուք կործանում եք Հայաստանը։ Միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, սակայն տանում եք Բաքու եւ Անկարա»,- ըստ Արմեն Աշոտյանի, սրանք են ՀՀԿ-ի կազմակերպած ցույցի ուղերձները։

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իրենք նախատեսում են մայթերին կանգնել՝ տարբեր ցուցապաստառներով, որոնք ի ցույց են դնում շղթայված Հայաստանի իրականությունը եւ լուռ «ուղեկցել» եվրոպացի պաշտոնյաների կորտեժները։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Երեւանի փողոցները փակելու մասին ոստիկանության իրազեկման մեջ ասված էր, որ սահմանափակված է երթեւեկությունը, բայց հետիոտների շարժման արգելք չկա, ուստի, եթե ոստիկաններն իրենց արգելեն իրականացնել ինչ-որ նախատեսել են, ապա կստացվի իրենք սատարում են «Նիկոլի փչած փուչիկին»։

Արմեն Աշոտյանը նաեւ նկատում է՝ 2017 թվականին Սերժ Սարգսյանի ստորագրած Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, որ Հայաստանը առաջնորդում էր դեպի Եվրոպա, իսկ այն, ինչ անում է Նիկոլը 2018-ից, եվրոպական քաղաքական արժեքների ոչնչացումն է։

«Որեւէ երկրում՝ հանուն ժողովրդավարության չեն սահմանափակվել մարդկանց ժողովրդավարական իրավունքը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ուշագրավ էր, որ ոստիկանները թույլ չտվեցին, որ հավաքվածները մայթով քայլերթ իրականացնեն՝ չնայած նրան, որ այդ պահին նաեւ մեքենաների համար էր երթեւեկությունը բացվել։ Ոստիկանության բարձրաստիճան սպան պարզաբանեց, որ իրենք նախապես Հայկ Մամիջանյանի հետ համաձայնեցրել են, հիմքը՝ պետական ու պաշտոնական անձանց անվտանգության նկատառումներն են։ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ նման համաձայնություն չի եղել, իրենք հրաժարվել են ոստիկանության առաջարկած կարգավորմանը ենթարկվել, քանի որ այն հակասում է ոստիկանության կայքէջում տեղադրված կարգավորման սահմանափակումներին եւ այդ կարգավորումը հընթացս է հորինվել՝ հենց ցույցը խոչընդոտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031