Լրահոս
Օրվա լրահոսը

Frontex-ի նպատակը Հայաստանին սահմանային կառավարման, կարողությունների զարգացման և անվտանգության ապահովման ուղղություններով աջակցելն է. Հանս Լեյթեն

Մայիս 06,2026 17:21 Share

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 5-ին ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյթենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Frontex-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով նախաստորագրված օպերատիվ համագործակցության վերաբերյալ Աշխատանքային պայմանավորվածությունը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը նոր որակական հիմք կստեղծի գործընկերության համար՝ նպաստելով երկուստեք կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում սահմանված հենանիշների իրականացմանը։

Կողմերը քննարկել են սահմանների համալիր կառավարման, ռիսկերի վերլուծության և տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությունները։ Նշվել է, որ Աշխատանքային պայմանավորվածությունը կնպաստի համատեղ գործողությունների, փորձագիտական համագործակցության և վերլուծական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ ուղղված անկանոն միգրացիայի և սահմանային հանցավորության կանխարգելմանը։

Արփինե Սարգսյանը մատնանշել է, որ ՆԳՆ կրթահամալիրում նախատեսվում է սահմանապահների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ՝ ընդգծելով այս ուղղությամբ Frontex-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները։

Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյթենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի հետ ձևավորված ռազմավարական հարաբերություններն ու շարունակական երկխոսությունը։ Նա վստահություն է հայտնել, որ Աշխատանքային պայմանավորվածությունը կնպաստի երկուստեք դրական արդյունքների և համագործակցության խորացմանը։

Հանս Լեյթենը նշել է, որ Frontex-ի նպատակը Հայաստանին սահմանային կառավարման, կարողությունների զարգացման և անվտանգության ապահովման ուղղություններով աջակցելն է։ Նրա խոսքով՝ կողմերը գործում են նույն ռազմավարական ուղղությամբ, կիսում որդեգրած մոտեցումները և համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի համընկման վրա։

Քննարկվել են նաև սահմանային անցման կետերում ժամանակակից տեխնոլոգիական լուծումների՝ մուտքի և ելքի թվային համակարգերի ներդրման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի կառավարման, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներին, ինչպես նաև կենսաչափական տվյալների մշակման և կիրառման ենթակառուցվածքների զարգացմանը՝ սահմանային գործընթացների արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացնելու նպատակով։

Կողմերը վերահաստատել են երկկողմ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031