Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքիում միջադեպի վերաբերյալ ոստիկանության արձագանքման կարգը՝ հարցականի տակ․ ի՞նչ է բացահայտել Արփինե Սարգսյանի մեկնաբանությունը. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Հոկտեմբեր 21,2026 12:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Հետևելով Ադրբեջանի դասալիք զինծառայողի կողմից ՀՀ պետական սահմանը անօրինական հատելու և ՀՀ քաղաքացուն զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ողբերգական դեպքին՝ անհրաժեշտություն ենք համարում անդրադառնալ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի՝ Շաքիում տեղի ունեցած միջադեպին ոստիկանության ծառայողների ուշ արձագանքելու վերաբերյալ մեկնաբանությանը։

Նախարարի խոսքով՝ այն պնդումները, թե դեպքի օրը ոստիկանությունն ուշ է արձագանքել, չեն համապատասխանում իրականությանը։

«Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։ Խոսքը դժվար լսելի է եղել, այդուհանդերձ, ցուցաբերելով ոստիկանին հարիր պահվածք՝ նա անմիջապես արձագանքել է և չանցած 10 րոպե՝ օպերատիվորեն հասել դեպքի վայր։

Ոստիկանի ուղղորդմամբ՝ տուժողի որդին զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ստանդարտացված կարգի համաձայն՝ օպերատիվ խմբի մեկնումը պետք է ապահովվի 10 րոպեի ընթացքում, մինչդեռ այս դեպքում 10 րոպեում օպերատիվ խումբն արդեն եղել է տեղում»,- մանրամասնել է նախարարը։

Սակայն նախարարի այս մեկնաբանությունն ինքնին մի շարք հարցեր է առաջացնում, որոնք վերաբերում են ոչ միայն արձագանքման արագությանը, այլև ոստիկանության ծառայողի՝ ծառայությունից դուրս գտնվելու պայմաններում իր գործողությունների կարգին և իրավական երաշխիքներին։

Նախարարի այն դիտարկումից, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, կարելի է ենթադրել, որ տվյալ պահին նա ծառայողական պարտականությունների կատարման մեջ չի եղել։ Սակայն առանց լրացուցիչ տեղեկությունների հնարավոր չէ միանշանակ եզրակացնել՝ խոսքը ամենամյա արձակուրդի՞, հերթափոխերի միջև հանգստի՞, թե՞ ծառայությունից դուրս գտնվելու այլ իրավիճակի մասին է։

Անկախ այդ հանգամանքից՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ նման իրավիճակում ոստիկանության ծառայողն ի՞նչ պարտականություններ ունի, ի՞նչ կարգով պետք է հաղորդի ստացված տեղեկությունը, և ինչպե՞ս պետք է ապահովվի իրավասու ստորաբաժանումների անհապաղ տեղեկացումը։

Եթե ծառայողը ծառայությունից դուրս գտնվելու ընթացքում տեղեկություն է ստանում որևէ միջադեպի մասին, ապա նա պարտավոր է այդ մասին անհապաղ զեկուցել իր ծառայության վայրի օպերատիվ հերթապահին, ինչպես նաև վերադասին։ Ընդ որում, իրավական առումով անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք ծառայությունից դուրս գտնվող ոստիկանը լիազորված է ինքնուրույն գործողություններ ձեռնարկել մինչև իրավասու ուժերի ժամանումը, թե պարտավոր է սահմանափակվել տեղեկությունը փոխանցելով և օպերատիվ ստորաբաժանումների ժամանումն ապահովելով։

Եթե նման իրավիճակում ոստիկանության ծառայողի՝ դեպքի վայրում գտնվելը դիտարկվեր որպես ծառայողական պարտականությունների կատարումից դուրս գործողություն, ապա ադրբեջանցի զինծառայողի վնասազերծման ընթացքում վերջինիս մահվան դեպքում կարող էր առաջանալ նաև ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցը։

Իհարկե, ոստիկանության ծառայողի՝ արտակարգ իրավիճակին արագ արձագանքելը և քաղաքացուն օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարող են գնահատվել որպես քաղաքացիական բարձր պատասխանատվության դրսևորում։ Սակայն այդ հանգամանքը չի վերացնում ծառայողական գործողությունների պատշաճ կազմակերպման և իրավական հստակ ընթացակարգերի անհրաժեշտությունը։

Մյուս կողմից՝ եթե ոստիկանության ծառայողը հանգստի ժամանակահատվածում մեկներ դեպքի վայր, ապա կարող էր առաջանալ նաև նրա գործողությունների կազմակերպման և իրավաչափության գնահատման անհրաժեշտություն, հատկապես եթե վերջինս դեպքի վայրում զոհվեր։ Իսկ եթե օպերատիվ ծառայությունները ժամանակին տեղեկացված չլինեին, դա կարող էր բացասաբար անդրադառնալ արձագանքման կազմակերպման վրա՝ քաղաքացիներին թողնելով լրացուցիչ վտանգների առջև։

Հետևաբար, նախարարի ներկայացրած հանգամանքները բավարար հիմք չեն հանդիսանում ոստիկանության ծառայողների գործունեությանը իրավաչափ գնահատական տալու։

Մեր գնահատմամբ՝ այս միջադեպը և նախարարի մեկնաբանությունը հիմք են տալիս հարց բարձրացնելու ոստիկանության ծառայողների՝ ծառայությունից դուրս գտնվելու ժամանակ արտակարգ իրավիճակներում գործելու իրավաչափության վերաբերյալ։

Ոստիկանության համակարգի արդյունավետությունը չի կարող չափվել միայն դեպքի վայր հասնելու րոպեների քանակով։ Այն ենթադրում է նաև ծառայողական պարտականությունների հստակ բաշխում, օպերատիվ հաղորդակցության պատշաճ կազմակերպում, ծառայողների իրավական պաշտպանության երաշխիքներ և, ամենակարևորը, քաղաքացիների անվտանգության ապահովում։

Մինչդեռ, երբ նախարարի մեկնաբանությունը նոր հարցեր է առաջացնում՝ դրանց պատասխանները տալու փոխարեն, հանրության մոտ կարող են հիմնավոր կասկածներ առաջանալ համակարգի կազմակերպվածության և կառավարման արդյունավետության վերաբերյալ։

Այս դեպքը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում Արփինե Սարգսյանի՝ ՆԳՆ նախարարի պաշտոնում իրականացվող աշխատանքի արդյունավետությունը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել