«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարքագծին, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը մտել է բոլշևիկի կերպարի մեջ։ Իսկ այս պարագայում արդեն կարող ենք ասել՝ նեոբոլշևիկի կերպարի մեջ։ Հիմա, որ վերլուծում ենք նրա կերպարը, շատ նման է 2021 թվականի կերպարին, երբ մուրճը թափահարելով պտտվում էր քաղաքից՝ քաղաք, գյուղից՝ գյուղ և այդ մուրճով տարատեսակ գործողություններ էր խոստանում անել։ Էլի նույն ոճի մեջ է, էլի կուլակաթափություն, էլի ունեզրկել, խլել, բաժանել…
Նկատած պետք է լինեք։ Երբ նախընտրական շրջան է և պետք է քվե մուրալ ժողովրդից, ինքը միանգամից դառնում է նեոբոլշևիկ Ռոբին Հուդ։ Այսինքն, խլենք հարուստներից, բաժանենք աղքատներին։ Հիմա էլ՝ 2026 թվականին, նրա ելույթները նույն այս տրամաբանության մեջ են։ Ասում է․ «Դղյակ ենք խլել, ժողովուրդ ջան, այդ դղյակը ձերն է»։ Ու տպավորություն է, որ միջին վիճակագրական Պողոսը շորերը հավաքելու ու գնալու է այդ դղյակում ապրի։ Իհարկե, դա այդպես չէ։ Դա մի որոշ մասսա ակնկալում էր 2018 թվականին, ակնկալում էր 2021 թվականին։ Նույն սպասումները նա գեներացնում է 2026 թվականին։ Բայց դեպի լավը կտրուկ փոխվել է Նիկոլ Փաշինյանի և քպականների բարեկեցությունը։ Նրանք իրենց գրպաններում աղքատությունը հաղթահարեցին մի այլ ձևի։ Նրանք այլևս դղյակատերեր են։ Այս մարդկանց մոտ բոլշևիկի կերպարի մեջ մտնելով ձայներ մուրալուց հետո կապիտալիստ դառնալը խասյաթ է դարձել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































