Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները, շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները. Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը

Մայիս 18,2026 22:35 Share

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում: Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 13-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն: Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։

Մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։

«Խուզարկության ընթացքում հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին անձնագրերը, իսկ նմանատիպ գործունեությունը բնորոշ է նաև մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին։

Ներկայումս քննություն է իրականացվում` պարզելու, թե հափշտակությունից բացի կա՞ թրաֆիքինգին բնորոշ հանցավոր արարք»,-նշում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոջառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես՝ խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո և փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։

Ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը․ «Ի՞նչ է կեղծ գեմբլինգը։ Հանցավոր խմբերի կողմից ստեղծում են առցանց կեղծ խաղատներ, որոնց միջոցով հափշտակում են քաղաքացիների միջոցները։

Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություն է իրականացրել։ Այդ խաղատներում վճարումները կարող են կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։

Օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Ավելին, հանցագործները ստեղծել էին նաև USDT-ի նման կեղծ կրիպտոմիավորներ՝ մարդկանց մոլորեցնելու և հափշտակություններն իրականացնելու համար»։

Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031