Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է «տեղական գործակալներին և նրանց օտարերկրյա տերերին»՝ Թբիլիսիին Երևանի հետ հակադրելու փորձերի մեջ՝ Եվրամիության կողմից Երևանի նկատմամբ աճող ուշադրության ֆոնին։
«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի և Հայաստանի համեմատությունները համարում է «անհարմար թեմա», քանի որ երկու երկրներին կապում են «շատ բարեկամական հարաբերություններն» ու ռազմավարական գործընկերությունը։
«Տեղական գործակալների և նրանց օտար հովանավորների կողմից կա փորձ ինչ-որ կերպ մեզ հակադրել Հայաստանին, այդ թվում՝ համեմատությունների միջոցով։ Դա որևէ հաջողություն չի ունենալու», — ասել է Կոբախիձեն։
Միևնույն ժամանակ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ «Վրաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի» համար և հիշեցրել, որ նա ավելի վաղ խոսել էր Հայաստանի եվրաինտեգրման քննարկումն առանց Վրաստանի անհնար լինելու մասին։
Կարդացեք նաև
«Ինչպես երևում է, բացի տնտեսական լճացումից և մյուս բոլոր «հմայքներից», եվրոպացի բյուրոկրատները, կարծես, այնքան էլ ուժեղ չեն նաև աշխարհագրությունից», – հայտարարել է Կոբախիձեն։
«Նովոստի-Գրուզիա»-ն նշում է. «Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ մայիսի 4-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում արված հայտարարությունը։ Եվրահանձնաժողովի նախագահը Հայաստանն անվանել էր «Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի հետ կապող ամենակարճ ճանապարհը»։
Թբիլիսիի համար այս ձևակերպումը զգայուն է։ Վրաստանի իշխանությունները երկար տարիներ երկիրը ներկայացրել են որպես Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային տարանցիկ միջանցք՝ հատկապես Ռուսաստանը շրջանցող էներգետիկ և տրանսպորտային երթուղիների համատեքստում»։


















































