Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետությունը կարողանում է հավաքել նախատեսվածից ավելի շատ միջոցներ, ինչո՞ւ չի կարողանում կյանքի կոչել հաստատված քաղաքականությունները. «Փաստ»

Հունիս 02,2026 11:04 Share

ՀՀ պետական բյուջեի 2026 թվականի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ հրապարակված տվյալները երկրի տնտեսական կառավարման արդյունավետության, պետական քաղաքականության իրական արդյունքների և պետական համակարգի կառավարչական կարողությունների մասին չափազանց կարևոր ազդակ են հաղորդում։ Թվերը ցույց են տալիս մի իրողություն, որն առաջին հայացքից կարող է նույնիսկ հակասական թվալ։ Մի կողմից՝ պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, իսկ մյուս կողմից՝ ծախսերը՝ զգալիորեն թերակատարվել։ Սակայն մակերեսային գնահատականներից դուրս գալու դեպքում ակնհայտ է դառնում, որ խնդիրը հենց այստեղ է:

Տնտեսության և հանրային բարեկեցության համար վճռորոշ նշանակություն ունի ոչ այնքան այն, թե որքան գումար է պետությունը հավաքագրում, որքան այն, թե որքան արդյունավետ և ժամանակին է այդ գումարը վերադարձնում տնտեսություն՝ ծրագրերի, ներդրումների, ենթակառուցվածքների, սոցիալական աջակցության, անվտանգության և զարգացման քաղաքականությունների միջոցով։ Մասնավորաբար, օրերս այս թեմայի շուրջ ընդարձակ վերլուծական է ներկայացրել «Լույս» հիմնադրամը։ Նշվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 668,5 միլ իարդ դրամ՝ եռամսյակային ճշտված պլանից 5,2 տոկոսով ավելի։ Սակայն նույն ժամանակահատվածում պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են ընդամենը 603,3 միլիարդ դրամ, ինչը 29,6 տոկոսով կամ 254,2 միլիարդ դրամով պակաս է նախատեսված մակարդակից։

Այստեղ արդեն առաջանում է ամենակարևոր համակարգային հարցը՝ եթե պետությունը կարողանում է հավաքել նախատեսվածից ավելի շատ միջոցներ, ինչո՞ւ չի կարողանում իրականացնել սեփական ծրագրերը, ծախսել նախատեսված գումարները և կյանքի կոչել հաստատված քաղաքականությունները։ Այս հակասությունն ինքնին վկայում է կառավարման արդյունավետության լրջագույն ճգնաժամի մասին։ Պետական բյուջեի ծախսերի թերակատարումը պարզապես հաշվապահական խնդիր չէ։ Այն իրական տնտեսության մեջ նշանակում է չկառուցված ճանապարհներ, չվերանորոգված դպրոցներ, չիրականացված պաշտպանական ծրագրեր, ուշացած սոցիալական ծրագրեր, չկայացած ներդրումային նախաձեռնություններ և տնտեսական ակտիվության դանդաղում։’

Առավել մտահոգիչ է այն, որ ծախսերի թերակատարման զգալի մասը վերաբերում է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին, այսինքն՝ կապիտալ ծախսերին։ Ընդհանուր թերակատարման 54 տոկոսը կամ 137,4 միլիարդ դրամը բաժին է ընկնում հենց այս ուղղությանը։ Սա նշանակում է, որ պետությունը չի իրականացնում այն ներդրումային ծրագրերը, որոնք պետք է ձևավորեին երկարաժամկետ տնտեսական աճի հիմքերը։ Կապիտալ ծախսերը սովորաբար ուղղվում են ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքներին, ռազմարդյունաբերությանը, թվայնացման ծրագրերին, պետական կառավարման արդիականացմանը և այլ ռազմավարական ոլորտների զարգացմանը։ Այս ծախսերի թերակատարումը ոչ միայն ներկա տնտեսական խնդիր է, այլ նաև ապագայի զարգացման հնարավորությունների կորուստ։

Հատկանշական է, որ կապիտալ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43,4 տոկոսով, իսկ ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են ավելի քան քառակի։ Սա արդեն ոչ թե պատահական շեղում է, այլ համակարգային անկարողության դրսևորում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930