«Միասնության թեւեր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում։ Մարտունիում բնակչության հետ հանդիպման ժամանակ կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրեց իրենց ծրագրերը։
«Այսօրվա իշխանության կողմից մարդկանց վախեցնելը շատ է տարածված։ Մեկին ասում են՝ աղջիկդ այսինչ տեղն է աշխատում, տղադ այնինչ տեղն է աշխատում։ Ժողովուրդ ջան, հանկարծ չվախենաք, մենք ձեր մեջքին կանգնած ենք, հատիկ-հատիկ բոլորիդ մեջքին կանգնած եմ, չեմ թողնի, որ որեւէ մեկը մեր ժողովրդին ճնշի։ Դուք խնդրում եմ քվեարկությունը կատարեք հանուն մեր երկրի ապագայի, մենք ձեզ ոչ մի բանով չենք վախեցնում, մենք լուծումներ ենք տալիս, քվեարկությունը կատարեք առանց վախերի։
Մենք բոլոր լուծումները գտնելու ենք, ես երաշխավորված ասում եմ, ուղղակի պետք է ճիշտ քաղաքականություն եւ ժողովրդի մասին մտածող ղեկավարություն։ Այդ քվեաթերթիկը, որ դուք գցում եք քվեատուփի մեջ, հատուկ ուզում եմ ասել՝ այդ պահին դուք բարձրագույն իշխանության կրողն եք, ամենաբարձրակետը։ Վերջ, դրանից հետո աշխարհ չկա։ Իսկ այն պաշտոնյաները, որոնք ձեզ վախեցնում են, ինչի՞ համար են վախեցնում, որովհետեւ շան պես վախենում են, որ հանկարծ քաղաքացին չգնա քվեարկի ուրիշի օգտին։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ չգնան ընտրության, բայց ես խնդրում եմ՝ գնացեք ընտրության»,- ասաց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ես ուզում եմ, որ դուք ոչ թե մտածեք, թե ուրիշ պետություններն ում են ուզում, որ լինի Հայաստանի ղեկավար, այլ մենք ում ենք ուզում Հայաստանի ղեկավար տեսնել։ Ինձ համար սկզբունքային է, որ Գավառը որոշի, Մեղրին, Կապանը, Երեւանը, Լոռին, Գյումրին որոշեն։ Եթե մենք հանկարծ ունեցանք ուրիշ պետության կողմից նախընտրելի ղեկավար, միշտ այդ պետությունը մեզ քաշելու է իր կողմը, իրենց շահերի համար մեզ զոհաբերելու են։ Այս ընտրությունները ոչ թե ուրիշների համար են, այլ մեզ համար են։ Այս ընտրությունները ոչ թե օտար շահերի համար են, այլ մեզ համար են»,- հայտարարեց Թաթոյանը։
Արման Թաթոյանը նաեւ ասաց, որ իրենց ձայները ոչ մի ուժի չեն տալու․ «Ո՞նց կարող է իմ նամուս-թասիբը թույլ տա, մենք հանկարծ ուրիշի տանք մեր ձայները։ Մենք համագործակցելու ենք, բայց ունենք հստակ կարմիր գծեր՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չի կարող լինել, ՔՊ-ն չի կարող վերարտադրվել։ Մենք չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Միասնության թեւերի» ֆեյսբուքյան էջից


















































