Aravot.am-ի աղբյուրների համաձայն՝ մայիսի 26-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը պահանջել է, որ Հայաստանը դադարեցնի միջազգային պատժամիջոցների տակ գտնվող բոլոր տեսակի ապրանքների վերաարտահանումը Ռուսաստանի Դաշնություն, այդ թվում՝ չիպերի, էլեկտրոնիկայի, բջջային հեռախոսների, համակարգիչների և անգամ կենցաղային տեխնիկայի։
Մեր աղբյուրները պնդում են, որ Արարատ Միրզոյանը հենց օդանավակայանից անմիջապես կապվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել նրան ԱՄՆ-ի պետքարտուղարի պահանջը։
Փաշինյանի հետ հեռախոսով խոսելուց հետո Միրզոյանը վարչապետի անունից վստահեցրել է Ռուբիոյին, որ, դա իհարկե, կարվի, իսկ խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
Տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշեց. «Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։
Կարդացեք նաև
Սակայն հերքումից հետո էլ մեր աղբյուրները վերահաստատեցին պահանջի վերաբերյալ այդ պնդումը։


















































