Բռնությունն ու անպատժելիությունը տրանսպորտային ոլորտում պետք է անհապաղ դադարեցվեն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա»-ն խստորեն դատապարտում են Թբիլիսի-Երևան երթուղին սպասարկող «FAYTON» (Ֆայտոն) ընկերության վարորդի կողմից իրականացված սոսկալի ֆիզիկական և հոգեբանական բռնությունը կին ուղևորների նկատմամբ։
Համացանցում տարածված և տուժողի կողմից ներկայացված փաստերը պատմում են, որ մայիսի 15-ին ընկերության վարորդը, դրսևորելով ծայրահեղ ագրեսիվ վարքագիծ, ոչ միայն հայհոյել ու վիրավորել է կանանց, այլև անցել է բացահայտ ֆիզիկական բռնության՝ հարվածել է դեմքին, խեղդել, պատին սեղմել տուժողին ու նրա ընկերուհուն, իսկ վերջում՝ հարվածել կնոջ որովայնին (տե՛ս նկարը): Այնուհետև, դեպքից հետո տուժողին պատասխանելու և քայլեր ձեռնարկելու փոխարեն ընկերությունն ուղղակի արգելափակել է նրան՝ փորձելով կոծկել սեփական աշխատակցի հանցագործությունը։
Պահանջում ենք.
1. ՀՀ իրավապահ մարմիններին (ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ քննչական կոմիտե). անհապաղ հարուցել քրեական գործ, քննության առնել ներկայացված փաստերը, նույնականացնել լուսանկարում պատկերված վարորդին և գործողություն ձեռնարկել օրենքով սահմանված կարգով՝ կանանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։
2. «FAYTON» ընկերությանը հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ, անհապաղ հեռացնել վարորդին աշխատանքից և ամբողջությամբ համագործակցել քննության հետ։ Կոծկման ցանկացած փորձ ձեզ դարձնում է հանցակից։
Կարդացեք նաև
3. Վերապատրաստել տաքսի ծառայության անձնակազմին՝ զգայուն մոտեցման և հաղորդակցության կանոնների վերաբերյալ:
4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը. ստուգումներ իրականացնել «FAYTON» ընկերությունում, պարզել միջպետական փոխադրումների իրականացման օրինականությունն ու անվտանգության նորմերի համապատասխանությունը (հաշվի առնելով սահմանին մեքենաների և պետհամարանիշների կասկածելի փոփոխությունները և խախտումների դեպքում զրկել ընկերությանը լիցենզիայից։
Կանանց անվտանգությունը տրանսպորտում և հանրային վայրերում սակարկելի չէ։ Թույլ չենք տա, որ որևէ հանցագործություն անպատիժ մնա, իսկ որևէ ընկերություն՝ արհամարհի կանանց կյանքն ու առողջությունը։ Կոալիցիայի անդամ կազմակերպությունները հետևողական են լինելու ողջ գործընթացներին:
Կոչ ենք անում հասարակությանը չլռե՛լ նման հանցագործությունների ժամանակ։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա,
Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա


















































