Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ելնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ծանրագույն մարտահրավերներից, արձանագրում է՝ ՔՊ վարչախմբի 8-ամյա իրարամերժ, ազգուրաց և ապիկար քաղաքականության պատճառով գալիք ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական նշանակություն են ձեռք բերել: Ընդդիմության հաղթանակն է, որ կապահովի ՀՀ ինքնիշխանության և ՀՀ քաղաքացիների անվտանգության ու մարդկային տարրական իրավունքների վերականգնումը։ Օրվա իշխանության քաղաքականության պատճառով․
Ա․ Բաքվի ապօրինի դատավարությունների զոհ հայ պատանդների իրավունքները բացարձակ ոտնահարվում են ոչ միայն միջազգային հանցագործ Ալիևի վարչախմբի, այլ նաև իրենց անգործունեությամբ նրանց կամակատարը դարձած Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից։ Հանցավոր մոռացության են մատնված 100-ավոր բռնի անհետացած և անհետ կորած հայ զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրերը։
Բ․ Պարտված իշխանությունների արտաքին քաղաքական գործողությունները հանգեցրել են ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական կորուստների՝ սկսյալ Գորիս-Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհի հանձնումից, մինչև Վայոց ձորում, Գեղարքունիքում, «սահմանագծում, սահմանազատում» անվան ներքո Տավուշում դիրքային զիջումները, ինչպես նաև սպասվելիք կեղծ «անկլավների» հետ կապված նոր տարածքային հանձնումները։ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ։ Կորցնում ենք հին ռազմավարական գործընկերներին և դաշնակիցներին, իսկ նոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները դեռ լոկ թղթի վրա են և ակնհայտ հռչակագրային բնույթ են կրում։
Գ․ Ավելին, բացի տարածքային հակասահմանադրական կորուստներից՝ ՔՊ խամաճիկային քաղաքականության հետևանքով Արցախի ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին ցեղասպանության, վտարվեցին իրենց հազարամյա բնօրրանից՝ մազապուրծ հայտնվելով Հայաստանում՝ ցավալիորեն մայր հայրենիքում՝ արդեն ՀՀ իշխանության կողմից ենթարկվելով ատելության խոսքի և ճնշումների․ նրանց վերադարձի միջազգայնորեն ճանաչված իրավունքը ոտնահարված է մեկ անձի կամքից կախված կեղծ խաղաղության կարգախոսի ներքո։
Կարդացեք նաև
Դ․ Ազգուրաց իշխանությունների հակասահմանադրական թիրախում են հայոց ինքնության բոլոր հենասյուները և ազգային արժեքները՝ ի դեմս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և օծյալ հոգևորաց դասի, Արարատյան երազանքի և գաղափարաբանության։
Ե․ ՔՊ իշխանության վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության հետևողական նահանջ է արձանագրվել, դատական իշխանությունը և ուժային կառույցները դարձել են վարչախմբի կամակատարը, կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միակ գործիքի, քաղբանտարկյալների թիվն օրըստօրե ահագնանում է։ Կոռուպցիան և ինքնիրավչությունը գլուխ են բարձրացրել։ Ալիևի բացահայտ ճնշման ներքո նախաձեռնվել է ՀՀ սահմանադրության փոփոխություն Անկախության հռչակագիրն ուրանալու նպատակով։ Պետության և սփյուռքահայության միջև խորացող անդունդ է բացվել Հայ դատի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուրացման քաղաքականության պատճառով։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասին» շարժումը և ՀԴԿ-ն կոչ է անում մեր հայրենակիցներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ գնալ ընտրատեղամասեր և մերժել պետականակործան վարչախմբին՝ ձայն տալով առաջադրված այն 4 ուժերին, որոնք ծրագրերով, անցյալ և ներկա գործունեությամբ վերահաստատել են իրենց հավատարմությունը հայոց պետականությանը, ազգային արժեքներին և իրական ժողովրդավարությանը, ունեն մասնագիտական փորձառություն՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցություններին։
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ըստ կարելվույն նպաստելու ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական ժամանակաշրջանում ՀՀ սահմանադրության, օրենքների պաշտպանությանը՝ կանխելու և արձանագրելու ընտրախախտումները, ընտրակեղծիքները․ ժողովրդի կամքը պետք է հաղթի․ մե՛նք ենք տերը մեր ձայնի և մեր միասնական հայրենիքի։
ՀԴԿ նախագահություն և
«Միասին» շարժման համակարգող խորհուրդ


















































