«Վերջին մի քանի օրերին տեսնում եք՝ ինչպես է վարչախումբը ապօրինի միջամտում շտաբերի գործունեությանը։ Ինչ ձերբակալություններ, կալանավորումներ է իրականացնում, բռնաճնշումներ։ Սա ինքնավստահ իշխանության պահվածք չէ։ Հիշում եք՝ ասում էին՝ մենք սահմանադրական մեծամասնություն ենք խփելու։ Սա սահմանադրական մեծամասնություն ունեցող իշխանության պահվածք չէ։ Սա վախկոտ, իրականությունն իմացող իշխանության պահվածք է, ով գիտի՝ հունիսի 7-ին ժողովուրդը իրեն մերժելու է»,- այսօր Սևանում «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն էլ անդրադարձավ, իր բնորոշմամբ, այս իշխանությունների ստերին․ «Այս չարիքի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ասում է՝ ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ժողովուրդ ջան, սուտ է ասում, եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունն ավելի մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը երաշխավորված պարտություն է։ Այս ընթացքում ասում են՝ ընտրեք մեզ, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն անկում չունենա։ Սուտ է ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։ Ամեն ինչ անում է, նաև այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։
Այս ընթացքում ասում է՝ ընտրեք ինձ, որ ձեզ տանեմ Եվրոպա։ Սուտ է ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է ՀՀ։ Ասում է՝ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ, սահմանափակված գյուղապրանքների հարցերը կլուծեմ, սուտ է ասում, եթե մնա իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են, երկիրը կանգնեցնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առաջ։ Այն, որ անընդհատ ասում է՝ ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ է ասում, ինքը այս երկրի թշնամին է, այս երկրի քանդողն է»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































