«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի բնակչության հետ։ Նա նշել է, որ Վայոց ձորի մարզում աղքատության մակարդակը հասել է 35 տոկոսի, իսկ Արագածոտնում՝ 25 տոկոսի։
«Խայտառակ վիճակ է, դրա համար մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին շատ արագ լուծենք առաջին հերթին մեր ժողովրդի համախմբման հարցը։ Դուք տեսնում եք՝ մենք ունենք հասարակություն, որի 100 տոկոսն իրար հայհոյում են։ Աշխարհում չկա այսպիսի պետություն, որ այսքան պառակտված լինի։ Մենք ձեզ հետ միասին առաջին հերթին պետք է այնպես անենք, որ այս ատելության մթնոլորտը վերացնենք երկրից։ Ինչքան արագ մենք կարողանանք համախմբել մեր ժողովրդին, այդքան արագ կկարողանանք զարգացնել մեր երկիրը։ Նույնիսկ ՔՊ-ականներն են վստահ, որ մենք տնտեսությունը կարող ենք զարգացնել։
Մնում է երկրորդ հարցը՝ անվտանգության հարցը, մենք վերջին օրերին տեսնում ենք՝ սրանք ամեն օր պրոբլեմներ են սարքում մեր երկրի գլխին։ Երկիրը պետք է ունենա լուրջ հավասարակշռված մոտեցումներ։ Սրանք իշխանություն պահելու համար, ինչպես Հայաստանի ժողովրդին են խաբում, այնպես էլ գերտերությունների ղեկավարներին են խաբում։ Տեսնենք՝ էլ ի՞նչ փորձանք կբերեն մեր գլխին, մենք շատ մոտ ենք հաջորդ փորձանքներին։
Իրենք հասկանում են, որ իրենց աթոռը պահելու միակ տարբերակն առավոտից իրիկուն գոռալն է՝ խաղաղություն, բայց այդ գոռալու հետ մեկտեղ հանձնում են մեր ազգային շահերը, ոչնչացնում են մեր ինքնությունը։ Դուք տեսնում եք՝ ինչ են անում, սրանց համար հայկական ոչ մի բան սրբություն չէ։ Այսինքն՝ այս իշխանությունը մեր պետության համար դարձել է թշնամական իշխանություն։ Դրա համար դուք տրամադրվեք՝ մենք ունենալու ենք մեծ հաղթանակ»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սամվել Կարապետյանը պատասխանել է նաև մարզերի բնակիչների հարցերին և ներկայացրել իրենց ծրագրերը։
«Մենք պետք է կանգնեցնենք ադրբեջանցիների մուտքը Հայաստան, որովհետև սրանով կսկսվի մեր պետության վախճանը, մենք կկորցնենք մեր ինքնությունը»,- ասել է նա։
«Վստահ եղեք, ես լինեմ, չլինեմ, Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա, էլ իմաստ չունի հարձակվելու, ինչ ուզել են, սրանք տվել են։ Վերջին հարցն են իրենք բարձրացրել՝ Սյունիքով ճանապարհը, սրանք էլ թըփ-շըփ ստորագրեցին։ Վազելով գնում են օդանավակայան, ստորագրում են, իրենք կամակատարներ են, ով ինչ թուղթ բերում է, իրենք պարտավոր են ստորագրել, քանի որ աթոռ պահելու խնդիր ունեն։ Իրենց համար կարևորը վերարտադրվելն է, թե ճանապարհ կտան, թե Երևանի կենտրոնով ադրբեջանցիները կկիսեն այդ ճանապարհը, կգնան, ոչ մեկին չի հետաքրքրում։ Դրա համար է՝ մեզ պետք է վռազ կանգնեցնենք այս պրոցեսը։ Ալիևն էլ պետք է հասկանա, որ մենք ազատեցինք իր մարզպետին պաշտոնից, այս մարդը մարզպետ է աշխատում Ալիևի մոտ, մեր պետությունը վարկաբեկվում է աշխարհի առաջ։ Հիմա մենք ենք պահանջատեր, մեր հողերն են իրենց մոտ, ինչի՞ց ենք վախենում։ Լավ, պարտվել եք, հելեք գնացեք, թող նոր բանակցող գա, ով չի պարտվել, ով ձեզանից ավելի շատ հնարավորություններ ունի»,- նշել է նա։
«Մեր գերխնդիրն է հասունացել՝ Վայոց ձորի և Սյունիքի վրա սև ամպեր են կուտակվել, այդ ամպերը մենք մեր այս ուժով կարող ենք ցրել։ Ես հունիսի 7-ի ընտրությունը համարում եմ անկրակոց երկրորդ Սարդարապատ՝ մեր ինքնության պահպանման, մեր վաղվա ապագայի և մեր թոռների համար»,- դիմելով Սամվել Կարապետյանին՝ ասել է Վայոց ձորի մարզի բնակիչներից մեկը։
«Դուք շատ ճիշտ բան ասացիք՝ մեր գլխավոր վտանգն այսօր Սյունիքի գլխին է կախված, ամբողջ աշխարհը պայքարում է Սյունիքի համար։ Այս մարդիկ մեր երկիրը սարքեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն։ Մենք հանգիստ ապրում էինք, մեզ պետք չէր սա։ Այս քայլն անում են, ռուսն է դժգոհ, մյուս քայլն անում են, ամերիկացին է դժգոհ, ուրիշ քայլ են անում, եվրոպացին է դժգոհ։ Բայց խի՞ տարաք մեր երկիրը, գցեցիք դրանց ձեռքը, հանգիստ ապրում էինք։ Մենք պետք է ունենայինք մեր դիրքորոշումը՝ Սյունիքը մերն է, հարց ունեք, մեզ հետ խոսեք, ոչ թե ինչ-որ տեղ բան եք որոշում, մենք էլ գնանք ստորագրենք։
Մենք պետք է հասկանանք՝ եթե կորցնենք Սյունիքը, կկորցնենք Հայաստան պետության 80 տոկոս պոտենցիալը։ Բոլոր գերտերությունների շահերն անցնում են Սյունիքով, եթե Սյունիքը տարան մեր ձեռքից, մենք ընդամենը մի պետություն կդառնանք, որը ոչ մեկի պետք չէ։
Դրա համար մենք պարտավոր ենք կանգնեցնել սրանց վտանգավոր պլանները, որոնք գծել են Ադրբեջանն ու Թուրքիան, իրենց էլ օգնում են այլ տերություններ։ Դրա համար պիտի ապացուցենք մարդկանց, որ մենք տալու ոչ մի բան չունենք, մենք դեմ չենք, եթե կա բիզնես, եկեք իրար հետ նստենք, խոսենք, օգտագործենք, բայց մեր վերահսկողությամբ, մենք ենք տիրապետելու տարածքին»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































