«Դարեր շարունակ և՛ Սյունիքը, և՛ Արցախը դարեր շարունակ եղել են տարբեր քաղաքակրթությունների, տարբեր պետությունների, առևտրային ուղիների կապող օջախ։ Այսօր Սյունիքը հայտնվել է մեծ քաղաքակրթության կենտրոնում»,- Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
«Genesis Armenia» մտավոր ակումբում հունիսի 5-ին քննարկում էր կազմակերպվել «Սյունիք. գլոբալ շահերի բախո՞ւմ, թե՞ համադրում» թեմայով։
Արա Այվազյանը նաև հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու է։ Քննարկմանը հայտարարվեց, որ հրավեր էին ուղարկել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին, սակայն «կապված տարբեր հալածանքների ու մարզերում տեղի ունեցող նախընտրական իրադարձությունների հետ՝ նրանք չկարողացան մասնակցել քննարկմանը»։
Ըստ Արա Այվազյանի՝ Սյունիքի ներկա զարգացումները, չնայած փորձում են ներկայացնել երթուղիների, էներգետիկ նախագծերի շատ գրավիչ տարբերակ, բայց այստեղ հակադրվում ու համադրվում են տարբեր գերտերությունների շահերն ու ռազմավարական հաշվարկները։ Այվազյանի դիտարկմամբ՝ ոմանց համար սա անվտանգության խնդիր է, ոմանց համար՝ ազդեցության խնդիր, երրորդների համար՝ նոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կենսական տրանսպորտային ուղիներին հասանելիության հարց։
Կարդացեք նաև
«Խոսքը աշխարհաքաղաքական մրցակցության մասին է, և խաղը հետևյալում է՝ ով կվերահսկի Սյունիքը, նա էլ կձևավորի Հարավային Կովկասի ճարտարապետությունն ու կձևավորի խաղի կանոնները»,- մասնավորապես նշեց Արա Այվազյանը։
Օրակարգային այն պնդումը, թե համագործակցությունը տրանսպորտային ուղիներն ապաշրջափակի՝ Արա Այվազյանը համամիտ է։ «Իհարկե, Հայաստանը շահագրգռված է խաղաղության, կայունության ու տարածաշրջանային համագործակցության մեջ, բայց այդ համագործակցությունը իրական կլինի այնտեղ, որտեղ երաշխավորվում ու հարգվում են երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։ Մեր պարագայում ակնհայտ է, որ դա արվում է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով»,- նշեց նախկին արտգործնախարարը։
Արա Այվազյանի գնահատմամբ՝ ԹՐԻՓ-ը գեղեցիկ փաթեթավորված նույն Զանգեզուրի միջանցքն է, որ մատուցում են ճանապարհների ապաշրջափակում։ «Զանգեզուրի միջանցքը մահացու հարված է պետականությանը։ Պատմության մեջ եղել են ստորագրված պայմանագրեր, որոնք կյանքի չեն կոչվել։ Մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահով։ Եթե հունիսի 7-ի ընտրությունից հետո իշխանափոխություն լինի, ապա կարծում եմ՝ նոր իշխանությունը պիտի աուդիտի ենթարկի թե՛ խաղաղության համաձայնագիրը, թե՛ ԹՐԻՓ-ի պայմանագիրը, որպեսզի իմանանք, թե ինչ է թաքնված այդ բուրգում»,- նշեց Արա Այվազյանը։
Քննարկման այլ մանրամասները այստեղ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































