Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր մտածում են հեղաշրջման մասին, պետության համը բերաններում է մնալու»․ Արարատ Միրզոյան

Հունիս 07,2026 12:51 Share

«Վստահ եմ, որ բարձր մասնակցություն կլինի, և դա իմ տպավորությունն է նաև քարոզարշավի ընթացքում»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նաև վստահ է՝ այս ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի խաղաղությանը։

ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցերի առիթով Արարատ Միրզոյանն ասաց․ «Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ բավականին խորն են և շատ ավելի հավասարակշռման կարիք ունեն»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այլ երկրների կողմից ներգործության փորձերը ՀՀ ընտրությունների վրա, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Տեսանք այդ հայտարարությունները, տեսանք ՌԴ ԱԽ-ից տարբեր պաշտոնյաների, փորձագիտական համայնքի տարբեր ներկայացուցիչներ ընդգծված կերպով ՀՀ իշխանություններին քննադատող  հայտարարություններ են անում, տեսանք տնտեսական պատժամիջոցներ, ուղղորդող հայտարարություններ, ինչը ուզես-չուզես մտքիդ մեջ կապում ես ընտրությունների հետ։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն։ Հույս ունենք, որ ընտրություններից հետո մեր ռուս գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող ենք այդ հարաբերություններն առողջացնել և քննարկել եղած խնդիրները, նաև գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն ՀՀ-ին և ՌԴ-ին։ Ռուսաստանցի մեր գործընկերները պետք է իրենք մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն։ ՀՀ-ՌԴ լարվածությունն արհեստական է, իրական հիմք այս ամենում չկա»։

Հարցին՝ եթե հնարավոր չլինի բացարձակ մեծամասնություն կազմել, պատրա՞ստ եք կոալիցիա կազմել, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ողջ հարգանքով հանդերձ տեսական քննարկումներին, հարցադրմանը՝ ավելի քան վստահ եմ, որ մենք կհավաքենք անհրաժեշտ մեծամասնություն առանց կոալիցիայի ուղիղ և միայն ՔՊ ուժերով»։

ԸՕ փոփոխությունների անհրաժեշտության մասին ասաց․ «Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիությունից բացի վերջին մեկ, երկու, երեք տարիների ընթացքում մշտական բնակության՝ ռեզիդենտության ցենզ էլ արժի մտցնել, օրինակ՝ պայմանականորեն այն մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին երեք տարվա ընթացքում պայմանականորեն 6 ամիս մշտապես բնակվել են ՀՀ-ում, միայն նրանք ունենան քվեարկելու իրավունք։ Մի մեխանիզմ պետք է։ Թե չէ ստացվում է՝ մեր՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդիկ կարող են ինը տարի ապրել որևէ օտար երկրում, հետո մի քանի ժամով գալ ու որոշել մեր բոլորի ապագան ու էլի գնալ, և պատասխանատվության հարց չկա»։

Ճեպազրույցի ավարտին Արարատ Միրզոյանը զգուշացրեց․ «Նրանք, ովքեր մտածում են հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել։ Հազար անգամ ասվել է՝ պետության համը բերաններում է մնալու, ովքեր կհանդգնեն ՀՀ պետականության ու ինքնիշխանության, սահմանադրական կարգին մարտահրավեր նետել, տարիներով կփտեն բանտերում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930