Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլում եղել են դեպքեր, երբ տեղամասը սահմանված ժամանակից ավելի ուշ է բացվել՝ հանձնաժողովի նախագահի ուշացման հետեւանքով: Որոշ տեղամասերում քվեախցիկների հետեւում մեծ տարածություն է եղել, անցուդարձի հնարավորություն, եղել են դեպքեր նաեւ, երբ քվեարկության խցիկներն այն դիրքով են տեղադրված եղել, որ կողքից հնարավոր է եղել տեսնել քվեարկությունը: Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ՝ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» տնօրեն Գենյա Պետրոսյանը:
Ըստ նրա՝ եղել են արձանագրված դեպքեր, երբ ընտրողների քանակին ոչ համապատասխան քվեախցիկների քանակ է եղել տեղամասում, որոշ դեպքերում խնդիրը չի լուծվել նույնիսկ դիտորդների՝ խնդրի բարձրաձայնման դեպքում:
Դիտորդները խախտումներ են արձանագրել նաեւ քվեարկության պարագաների հետ կապված: Ըստ Պետրոսյանի՝ եղել են տեղամասեր, որտեղ չհրկիզվող պահարանները պատշաճ կեպով փակված չեն եղել, բաց են եղել, մի տեղամասում կապարակնիքը 12:000-ի դրությամբ անհետացել է ինչ-ինչ պատճառներով, նոր կապարակնիք են բերել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ու նոր միայն քվեատուփը պատշաճ կերպով փակվել է:
Պետրոսյանի խոսքով՝ եղել են տեղամասեր, որտեղ քվեախցիկում քաղաքացին տեսանկարահանել է քվեարկության թերթիկը, եղել են նաեւ բացահայտ քվեարկության դեպքեր, առերեւույթ վերահսկվող ու ուղղորդման դեպքեր:
Կարդացեք նաև
4/47 տեղամասում քվեատուփի կողքին կանգնել են ԲՀԿ վստահված անձինք ու ներս են բերել ընտրողներին, որոնց հետ դրսում զրուցում էին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները թեւանցուկ ներս են բերել մի կնոջ, որն օգնության կարիք չի ունեցել:
Տեղամասերից մեկում ՔՊ վստահված անձին են մոտեցել ընտրողներ ու ասել՝ մենք ձեզանից մեկն ենք ու պահանջել միայն 16 համարի քվեաթերթիկը, ՔՊ-ի այդ վստահված անձին նկատողություն տալուց հետո էլ կինը շարունակել է ուղղորդել ամուսնուն քվեախցում:
Եղել են տեղամասեր, որտեղ ՔՊ վստահված անձը ուղեկցել է ընտրողներին դեպի քվեախցիկ, որոշ տեղամասերում ՔՊ վստահված անձինք ակտիվ շփվել են ընտրողների հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից


















































