«Քվեարկության գործընթացներն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ, մրցակցային պայմաններում, դինամիկ վիճակում: Մեծ ակտիվություն է նկատվել ընտրողների շրջանում, որոշ տեղամասերում նկատվել են ուղղորդումներ, լարվածություն, քվեարկության գաղտնիության խախտումներ ու դրանց փորձեր ընտրողների կողմից, նաեւ վերահսկողության փորձեր են նկատվել: Դրանք որոշակիորեն ազդում են որակի վրա»,- այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նա ասաց, որ քվեարկության օրը՝ հունիսի 7-ին, ներգրավել են 648 դիտորդ, որոնք վերահսկել են ընտրությունները ՀՀ ողջ տարածքում, նրանցից 520-ը վերահսկել են ամբողջ օրը 260 տեղամասերում: Ըստ Այվազյանի՝ ունեցել են նաեւ շրջիկ դիտորդներից բաղկացած 54 խմբեր, որոնք այցելել են 456 տեղամաս՝ ըստ ահազանգերի: Բացի այդ՝ ունեցել են 8 դիտորդ, որոնք հսկել են ընտրությունը 6 քրեակատարողական հիմնարկներում, 6 դիտորդ էլ, որոնք հսկել են շրջիկ արկղերով քվեարկությունները՝ ուղեկցելով արկղերը երեք հոգեբուժական հաստատություն եւ 3 ռազմաբժշկական հաստատություն:
«Առավոտյան, երբ տեղամասերը նախապատրաստվում էին քվեարկությանը, այն, ընդհանուր առմամբ, ընթացել է օրենքով սահմանված պահանջներին, նիստերը սկսվել են սահմանված ժամանակահատվածում, եղել են բացառություններ 4 տեղամասերում, երբ նիստերը սկսվել են առանց քվորումի առկայության, ընթացքում խախտվել է վիճակահանության կարգը: Մեկ տեղամասում տեխնիկական մասնագետը խախտել է սարքի նախապատրաստման ընթացակարգը, երկու տեղամասում բացակայել են ընտրողների ցուցակները, 8 տեղամասում բացակայել են կուսակցությունների դաշինքների ցուցակները, 7 տեղամասերում տեխնիկական սարքով տպված ընտրողների թիվը չի համապատասխանել փակցված ցուցակներին, ամենայն հավանականությամբ. ցուցակները եղել են չթարմացված»,- ընտրությունների նախապատրաստման փուլում արձանագրված ընտրախախտումները ներկայացնելով՝ ասաց՝ Այվազյանը:
Ըստ նրա՝ քվեարկության ժամանակահատվածում արձանագրված ընտրախախտումների պատկերն այսպիսին է՝ 21 տեղամասում տեխնիկական սարքի խափանման մեկից մինչեւ 5 դեպք է արձանագրվել, 2 տեղամասում արձանագրվել է քվեարկության 24 ուղղորդման ու վերահսկման դեպքեր, 7 տեղամասում քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման դեպք, 47 տեղամասում 1-3 ընտրողների դիմաց առկա է եղել այլ անձանց ստորագրություն, որոշ տեղամասերում եղել են կուտակումներ, որոշ տեղամասերում կողմնակի անձինք են եղել, 2 տեղամասում խոչընդոտվել է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց գործողությունները, 30 տեղամասում էլ արձանագրվել է հանձնաժողովի անդամների հյուրասիրության դեպքեր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից


















































