ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.
«Իվետա Տոնոյանի հրապարակած այս քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք։ Բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։
Մասնավորապես այս նկարի 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի (համար 16) ձայները գրվել են ԴՕԿ—ի (համար 15) դիմաց , Հայաստան դաշինքի(համար 17) 63-ը՝ ՔՊ (համար 16) դիմաց։
Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ—ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։
Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով։
Կարդացեք նաև
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով։
Թե բա՝ գողացել են ձայները: Եթե սա գողություն էր, ապա ամենամեծ տուժողը մենք էինք, իսկ իրականում՝ ակնհայտ է, թե ինչ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որը բնականաբար պիտի շտկվի, և բոլոր ուժերը պիտի ստանան իրենց ստացած ձայները»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերոնշյալ հայտարարությանը, գրելով.
«Արձագանքելով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե իմ կողմից հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, հարկ եմ համարում նշել հետևյալը.
Նախ՝ մեր խնդիրը երբեք չի եղել պարզել, թե մեր հրապարակած փաստերի արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն։ Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր ընտրողի քվեի ճշգրիտ հաշվառումն ու նրա վստահության պաշտպանությունն է։
Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։
Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։
Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են»։


















































