Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որեւէ հրապարակված ձայնագրության որեւէ կտոր, որը կոնտեքստից կտրված կլինի»․ Արթուր Նահապետյան

Հունիս 10,2026 14:08 Share

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է կոմիտեն զանգվածաբար գաղտնալսում ընդդիմադիրներին։

«Տպավորությունը, թե Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիների գաղտնալսում է, դա իրականության հետ կապ չունի։ Եվ դա ֆիզիկապես է նաեւ անհնար։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ, եւ այս ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ՝ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով, եւ ըստ վերադասության՝ արդեն որոշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար, օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաեւ գաղտնի միջոցառումներ, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում։ Եվ դրա համար օրենսդրությամբ հստակ նախատեսված կարգավորումներ կան, թե որ դեպքերում է, որ օպերատիվ աշխատակիցը դիմում է դատարան, որպեսզի համապատասխան թույլտվություն ստանանք»,- ասաց Նահապետյանը։

Նա ասաց, որ չկա որեւէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության իրականացրել են գաղտնալսում։

Անդրադառնալով հարցին՝ նախընտրական փուլում ընդդիմադիր տարբեր գործիչներ ահազանգում էին վարչական ռեսուրսի չարաշահման մասին, օրինակ՝ «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանն էր փաստեր ու ձայնագրություն հրապարակել, որ քաղաքացիներին, այդ թվում՝ ուսանողներին հարկադրում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, այս ահազանգերն ուսումնասիրվե՞լ են, ՔՊ-ին գաղտնալսե՞լ են, կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Ես խնդրում եմ, որ նկատի ունենաք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ։ Ձեր նշած դեպքը չի համարվում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություն»։

Արթուր Նահապետյանը նաեւ ասաց, որ երեկվա դրությամբ ընտրակաշառքի հարցով կոմիտեում կար շուրջ 115 քրեական վարույթ։ «Այդ 115 քրեական վարույթով հարցաքննվել են հարյուրավոր անձինք, եւ որեւէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, ասի՝ այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի փորձաքննություն։ Նման որեւէ տվյալ որեւէ վարույթով չունենք»,- նշեց նա։

Ընդդիմության ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան, թե Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունները մոնտաժված են, Նահապետյանը պատասխանեց․ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձայնագրություն չկա, որեւէ հրապարակված ձայնագրության որեւէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված կլինի։ Այսինքն՝ հրապարակվել են ձայնագրության այն ամբողջական հատվածները, որը վերաբերելի է եղել որեւէ քաղաքական ուժի, եւ խոսակցությունը վերաբերել է ընտրակաշառքին։ Այսինքն՝ մենք այդ ամենը վաղը-մյուս օրը ներկայացնելու ենք դատարան, մենք ունենք ավարտված քրեական վարույթ, 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան։ Վաղը-մյուս օրը դուք եւ մեր հանրությունը գնալու եք դատարաններ եւ անձամբ ծանոթանաք այդ ձայնագրությունների բովանդակությանը»։

«Իսկ ձեր մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ինչո՞ւ մյուս 15 կամ 16 ուժերի հետ կապված որեւէ բացահայտում չունենք»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ երեք ուժերի վերաբերյալ են եղել իրենց գործողությունները՝ ԲՀԿ, «Ուժեղ Հայաստան» դաշինք եւ «Հայաստան» դաշինք։

Հարցին, թե կարո՞ղ են թիվ ասել՝ որքա՞ն կաշառք է բաժանվել այս ընթացքում, Նահապետյանը պատասխանեց, որ վիճակագրություն չեն վարել․ «Առաջիկայում, երբ մենք մեր բացահայտումները կավարտենք, այդ ժամանակ կամփոփենք եւ կունենանք թվային տվյալներ, որոնք կներկայացնենք հանրությանը»։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից նախընտրական փուլում քաղաքացուն տեսախցիկ նվիրելը բարեգործություն չի համարվում, իսկ ընդդիմադիրների նկատմամբ նույն դրվագներով քրեական գործեր են հարուցվում, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Երբ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ, այդտեղ խոսք չի կարող լինել բարեգործության մասին առհասարակ, առավել եւս՝ բարեգործական արգելքի օրենսդրության խախտման հետ, որովհետեւ մենք դիտարկում ենք, որ այդ նվիրատվությունն իրականացվել է ոչ թե որպես քաղաքական ուժի անդամ, այլ որպես պաշտոնյա, ով օրենքով սահմանված կարգով ունի որոշակի գործառույթներ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930