«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հաջորդ նիստին պատրաստվում է դատավոր Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն ներկայացնել: Այս մասին այսօր Armenia Today կայքի հետ զրույցում ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատարանի կողմից կայացված որոշումները մեզ համար բավարար էին, որ ներկայացնենք բացարկի միջնորդություն հաջորդ նիստին․ առաջարկելու և խնդրելու ենք, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում այլևս ՀՀ-ում խաթարվել է ամենակարևոր երաշխիքներից մեկը՝ քաղաքական գործընթացի հավասարության երաշխիքը. «Եթե քաղաքական գործընթացին մասնակցող ուժերից մեկի առաջնորդը կարողանում է շփվել քաղաքացիների հետ և ներկայացնել իրենց քաղաքական տեսլականն ու ծրագրերը, իսկ մյուս ուժի առաջնորդը այդ հնարավորությունից զրկված է, սա խոսում է ՀՀ-ում քաղաքական իրավունքների, հավասարության խաթարման մասին»։
Ըստ Վարդևանյանի՝ Սամվել Կարապետյանը բոլոր կասկածողներին ապացուցել է իր դատավարական պատշաճ վարքագիծը, բայց շարունակում է մնալ տնային կալանքի տակ։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հերթական գաղտնի ձայնագրությանը՝ Վարդևանյանն ասաց՝ փորձեք պարզել՝ դրանցով հիմնավոր կասկածների հաղթահարում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ. «Մասնակի եմ լսել ձայնագրությունը. Հանրապետության հրապարակում մենք հանրահավաք ունեցե՞լ ենք, կարո՞ղ է մի բան չենք նկատել, գուցե իշխանության հանրահավաքների՞ն էր վերաբերում»։
Ըստ նրա՝ ձայնագրությունները լինում են մոնտաժված՝ որպես սև PR-ի գործիք. «Լինի ՔՊ-ի, թե ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, անմեղության կանխավարկածը պետք է հարգել։ Անմեղության կանխավարկածը հարգելով՝ բայց մի տեսախցիկ նվիրելու պատմություն կար, այդ մասով ձայնագրություն հրապարակվե՞լ է, թե՞ ոչ. վարութային գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ: Ես չեմ նկատել»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ է նվիրել մի քաղաքացու։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































