168.am. ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-լրագրողներին ասել է Լավրովը։
ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա Խորհուրդը կարող է որոշում ընդունել այդ երկրի քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքից ժամանակավորապես զրկելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը կասեցնելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Բացի այդ, նույն հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության մյուս մարմինների որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքներին կամ նույնիսկ բացառել նրան կազմակերպությունից։
Կարդացեք նաև
Նման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։
Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լավրովը:
«Չմասնակցելով ՀԱՊԿ-ին՝ ձևականորեն մնալով անդամ արդեն երկու տարուց ավելի, իմ կարծիքով, հայ գործընկերները չեն գալիս միջոցառումներին։ Միաժամանակ ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ընթանում են զորավարժություններ, ձեռք է բերվում ռազմական նշանակության արտադրանք, ընթանում է պատվիրակությունների փոխանակում ռազմական գծով և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության հետ, որը նույնպես այժմ վերածվում է ռազմականացված կառույցի»,- ասել է Լավրովը։


















































