«Էներգիաս տեղն է, տրամադրությունս տեղն է, նպատակներս չեն փոխվել։ Սա դեռ սկիզբն է։ Եվ հետագա պայքարը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Ընդհանրապես այս ամբողջ խնդիրը ոչ թե միայն իմ անձի, այլ իր զրպարտանքի հետ է կապված։ Իրավական ճանապարհով մենք սա շարունակելու ենք։
Խնդիրն իրականում ավելի լուրջ է։ Այդ լուրջ խնդիրները ես բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 18-ին մեր հանդիպման ու բանավեճի ժամանակ։ Այ, սա է ավելի լուրջ խնդիր։ Եվ մենք զբաղվելու ենք սրանով։ Ուզում եմ ասել՝ այս ազատ արձակելը ոչ մի բան չի փոխել։ Ընդհակառակը, մենք նոր ենք սկսում։ Սա, այլ կերպ ասած, նախավարժանքն է, որ դեռ տաքանում ենք։
Հետագա ընթացքում ամեն ինչ լինելու է օրենքի մեջ եւ մենք գնալու ենք մինչեւ մեր նպատակներին հասնելը»,- Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դուրս գալով իր առաջին ճեպազրույցում ասաց բանտում որպես բողոքի նշան 22 օր հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանը, որը երկու ամսով կալանավորվել էր մայիսի 18-ին Երեւանի Արաբկիր համայնքում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին Արցախի եւ արցախցիների խնդիրների վերաբերյալ կոշտ հարցադրումներ հնչեցնելուց հետո։
Արթուր Օսիպյանը, ըստ էության, հացադուլը դեռ չի դադարեցրել։ Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արթուրի համար շատ դժվար կլինի մոր, կնոջ ու ընտանիքի անդամների աչքի առջեւ հացադուլը շարունակել։ «Ուստի, ամենայն հավանականությամբ այդ հարցը լրացուցիչ կքննարկենք։ Եվ այն պարագայում, երբ Արթուր Օսիպյանին վիրավորող անձը չզղջա եւ չբարոյափոխվի եւ այնքան ուժ չգտնի իր մեջ, որպեսզի ներողություն խնդրի, հնարավոր է, որ մենք նախաձեռնենք պայքարի ֆորմատի, եղանակի, ճանապարհի փոփոխություն։ Եվ պայքարենք ոչ թե ինքնավնասման եղանակով, հացադուլ իրականացնելով, ինչը ծայրահեղ միջոցն է, որին դիմում են մարդիկ, որպեսզի անարդարություն իրականացնողը զղջա եւ բարոյափոխվի։ Բայց քանի որ արդյունք չկա, շատ հնարավոր է՝ դիմենք դատարան, որպեսզի վիրավորող անձը ներողություն խնդրի եւ հերքի Արթուր Օսիպյանի հասցեին հնչեցրած զրպարտությունները դատարանի պարտավորեցման արդյունքում»։
Կարդացեք նաև
Իր հերթին Արթուր Օսիպյանը հավելեց. «Ես կխորհրդակցեմ իրավաբանների հետ։ Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները, երբ որ ինձ ձերբակալել են ու ինքը հետեւիցս հայտարարություններ է արել, թե ինչի չես մահացել, ինչի չեք գնում այստեղից եւ այլն, սրա տակ կա քրեական հանցագործություն։ Եթե կա, մենք անպայման դիմելու ենք դատախազություն ու պահանջենք՝ օրենքով գնան մինչեւ վերջ։
Մի բան էլ ասեմ։ Շատ լավ գիտենք՝ դատախազությունը, դատարանները ոնց են աշխատում։ Բայց թող ոչ ոք չհանգստանա։ Մենք դրանով էլ չենք սահմանափակվելու։ Ընդհուպ, մինչեւ միջազգային դատարան գնալու ենք, մինչեւ հասնենք մեր նպատակին։ Որովհետեւ այս «բեսպրեդելը» պետք է վերջ տանք…
Թող լավ իմանան, որ բանտերով մեզ վախեցնելը անիմաստ գործ է։ Իրենք պետք է լավ հասկանան մի բան. մարդու գլխին սարքողը՝ ինքը իր գլխին է սարքում։ Բանտից պետք է դուրս գանք։ Ու այնպես չի, որ դուրս եկանք, ամբողջը լրիվ մոռանալու ենք։ Հետեւանքներ են լինելու։ Կրկնում եմ, սա դեռ սկիզբն է։ Ու Նիկոլը թող դիմանա»։
Հարցին, թե ՔԿՀ-ից նոր է դուրս եկել, հրաժեշտ տալի՞ս է Քրեակատարողական հիմնարկին, Արթուր Օսիպյանը պատասխանեց. «Չի իմացվի, կարող է՝ գամ։ Քանի Նիկոլն է իշխանության, կարող է գանք-գնանք։ Ես հիմա ասում եմ. այո, մենք էլի կարող է գանք։ Բայց դու որ գաս այստեղ, այստեղից դուրս չես գալու, որովհետեւ քո գործած մեղքերը, քո նկատմամբ մեղադրանքները շատ կոպիտ են։ Սպասեք, տեսեք ինչ է կատարվելու»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































