Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կալանքի եւ տնային կալանքի, ինչպես նաեւ ազատության սահմանափակմամբ զուգորդված այլ կարգավիճակում գտնվող անձանց ուղեկցումներն ու փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 11-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկայումս Պրոբացիայի ծառայությունը լիազորված չէ իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումը: Նման լիազորությամբ օժտված չէ որեւէ այլ մարմին: Նախագծերի փաթեթով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությանը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորությունը: Կնախատեսվի նաեւ լիազորող նորմ՝ այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, այն է՝ նախարարի հրամանի ընդունման համար:
Կալանավորված եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ դատապարտյալների փոխադրման կարգն ու դեպքերը կսահմանվեն ՀՀ արդարադատության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով:
Գեւորգ Քոչարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող Անուշ Քլոյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ


















































