ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը։
ՀՀ դեսպանն իր երախտիքը հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Նորին Սրբությանը՝ մաղթելով աստվածահաճո ծառայության երկար, խաղաղ ու առողջ տարիներ։
Ա. Սմբատյանն իր համոզմունքը հայտնեց առ այն, որ Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու նոր պատրիարքի հոգևոր ծառայությունը շարունակությունը կլինի նախորդների սերմանած քրիստոնյա բարքերի՝ առավել հզորացնելով Եկեղեցին և վրաց ժողովրդին։
Կարդացեք նաև
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին։
Նա կարևորեց հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը, որի շնորհիվ և հանուն որի երկու ժողովուրդները հավասարապես պայքարել են և կերտել իրենց ինքնությունը։
Շիո Երրորդն անդրադարձավ նաև արդի մարտահրավերներին, որոնց հաղթահարման միակ ճանապարհը համարեց հոգևոր և ազգային արժեքներին հավատարմությունն ու ինքնության պահպանումը։
Նորին Սրբությունը խոսեց նաև Հայ և Վրաց եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին` վերահաստատելով Վրաց եկեղեցու ցանկությունն ու պատրաստակամությունն՝ այդ կապերն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։
Վրաստանում Հայաստանի դեսպանություն





















































