Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի և դատավորի միջև։
Դավիթ Սանասարյանը հայտարարեց․ «Դատախազության կողմից շատ էր ներկայացվում այն հանգամանքը, որ Սամվել Ադյանն անընդհատ ինձ ասել է, որ սա Զորաշենի համար է պետք անել, որ մեզ չմերժեին։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ հարցաքննության ժամանակ քննիչ Ոսկանյանը, որն այս գործը մանրակրկիտ կերպով փորձել է կարել․․․»։
Սա լսելով՝ դատավորը միջամտեց ու թույլ չտվեց, որ Դավիթ Սանասարյանն ավարտի․ «Կոռեկտ արտահայտվեք, դա Ձեր դիրքորոշումն է»։ Դավիթ Սանասարյանն ասաց․ «Ես կոռեկտ եմ արտահայտվում, կապացուցեմ։ Թույլ տվեք՝ Ձեր կանխավարկածը չընդունեմ, ունեմ հիմնավորումներ, իմ իրավունքն է ներկայացնել։ Ի՞նչ դատաիրավական նորմով եք ինձ արգելում նման գնահատականներ տալ»։
Այնուհետև շարունակեց․ «Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Ադյանն իրար հետ կալանավայրում կապ չեն ունեցել, բայց նույնաբովանդակ դիմումներ են տվել քննիչին՝ տարբեր ամսաթվերին։ Գրում են, որ առանց պաշտպան մեզ հարցաքննեք, կարևոր բան ունենք ասելու։ Սրանից եմ ենթադրում, որ այս գործը քրեաիրավական նորմերով չի իրականացվում, այլ պետք է եղել, որ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ նման գործ կարվի, դա իրականություն է դարձել։ Խանգարող հանգամանք եմ եղել, ինձնից պետք էր ազատվել»։
Կարդացեք նաև
Հիշեցնելով դատախազի հայտարարությունները՝ նշեց․ «Դատախազն ասում է, որ ենթադրում է՝ առանց պաշտպանների են խնդրել, որ իրենց հարցաքննեն, որովհետև մտածել է, որ իմ մարդիկ են։ Կամ դատախազը գործից լավ տեղյակ չէ, կամ, տեղյակ լինելով, փորձում է փաստերը խեղաթյուրել, քանի որ այդ դիմումներից առաջ ու հետո այս գործի նյութերում երկու պաշտպաններն էլ եղել են։ Քրեադատավարական ո՞ր նորմով կարող էին մեղադրյալներին հարցաքննել առանց պաշտպանի, եթե գործի նյութերում կան պաշտպաններ։ Քննիչ Ոսկանյանը մի նպատակ է ունեցել, որ ավելորդ ներկա մարդ չլինի, և Սամվել Ադյանի հետ խոսեն, եփեն, պատրաստեն, քանի որ մինչև Սամվել Ադյանի՝ այդ ցուցմունքը, երբ սկսում է իմ մասին խոսել, գործի նյութերում կա․ Սամվել Ադյանը ներկայացնում է, որ իրենք օգտվել են օրենքով իրենց վերապահված գործառույթներից։ Այդ դիմումներից հետո մեկ էլ սկսում են լրիվ այլ բաներ գրել, խեղաթյուրել, ինձ հետ կապ չունեցող բաներ ներկայացնել»։
Եզրափակիչ ելույթների փուլում դատախազության ներկայացուցիչն ասաց․ «Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտն ամբողջովին անհիմն է և պետք է բեկանվի։ Հստակ կերպով դատարանին մանրամասնորեն ներկայացրի այն հանգամանքները, թե ինչպես դատական ակտում նկարագրված հանգամանքները որևէ առնչություն չունեն քրեական վարույթի նյութերի հետ և, ավելին, նույնիսկ չեն բխում դատարանի կողմից դատաքննության ընթացքում արդեն հարցաքննված վկաների ցուցմունքներից, հետազոտված ապացույցներից։ Դատարանի կողմից առնվազն ոչ ճիշտ և սխալ մեկնաբանություններ են տրվել շատ հարցերի»։
Դավիթ Սանասարյանի փաստաբանն այս առիթով նկատեց․ «Այդպես էլ չիմացանք՝ որն էր պատճառված վնասը, և արդյոք առկա էին պետական մարմիններ կամ անձինք, որոնք Դավիթ Սանասարյանի կոնկրետ գործողությունների արդյունքում կրել էին վնասներ։ Ուստի առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը պատճառաբանված ու հիմնավորված է, ուստի խնդրում ենք մերժել դատախազության կողմից ներկայացված բողոքն ամբողջությամբ»։
Դավիթ Սանասարյանն էլ հավելեց․ «Ինչ վերաբերում է, որ իմ գործունեության արդյունքում պետությունն է տուժել, նշեմ, որ իմ գործունեության արդյունքում, անկախ նրանից, որ խութեր են եղել, որը իմ կողմից պայմանավորված չի եղել, պետական բյուջե է վերականգնվել 417 միլիոն դրամ։ Չեմ հասկանում, թե ինչու է դատախազությունը փորձում վատնել պետական միջոցները իրենից ոչ մի բան չներկայացնող գործի վրա ու նաև իմ բարի համբավի հետ են խաղում։ Որ ասում եմ՝ գործ կարել, ասում եք՝ վիրավորում եք։ Բա ութ տարի ինձ վիրավորում են։ Ամբողջ կյանքս խոսել են կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը»։
Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 7-ին՝ ժամը 16։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































