Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում». Արմեն Աշոտյանը՝ կալանավայրից

Հունիս 15,2026 21:55 Share

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով կալանավայրից մեզ է փոխանցել հերթական հոդվածը։ Ներկայացնում ենք ստորև.

1. Ինչպես և կանխատեսում էի, անցած ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար։ Իսկ միակ իրականում թափանցիկ բանը քվեարկության ծրարներն էին։

2. Միայն ընտրական մեխանիզմներով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող։ Փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են։

3. Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո։ Նիկոլական «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»-ը։

4. Անգամ այդքանից հետո, չհասնելով ցանկալի արդյունքին, Փաշինյանն ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները՝ բռնանալով ժողովրդի կամարտահայտության վրա։

5. Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչ լեգիտիմության փաստից։ Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող)։

6.ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումները)։

7. Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող։

8. Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում։ Սահմանադրության հետ կապված շահարկումները ստիպում են ինձ ասել, որ «անմիաբան ընդդիմությանը Սահմանադրությունն է խանգարում»։ Եթե որոշ շրջանակներ սեփական թերությունների և սխալների դեմ պայքարեին նույնքան, որքան մեր դեմ, գուցե ավելի հաջողակ լինեին։

9. Մանդատները վերցնելը և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, կարծում եմ, ճիշտ է։ Սակայն դրանից առաջ պետք է իրականացնել սեփական թեկնածուների լիարժեք և ազնիվ վեթինգ՝ կանխելու համար անխուսափելի «մանդատագողության» փորձերի հաջողությունը։

10. Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ։ Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից։ Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող։

11. Փաշինյանի հետընտրական ագրեսիան վկայում է այն մասին, որ նա լավ գիտի, որ չի հաղթել, իսկ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է, անազնիվ։ Որովհետև ազնիվ հաղթանակ տանողները փորձում են առավել սոսնձող, միաբանող, համազգային կեցվածք և կերպար ունենալ։

Հ.Գ. Հին հռոմեացիներն իրենց դեմ պայքարող առաջնորդներին ասում էին. «Կա՛մ հաղթի՛ր Հռոմին, կա՛մ հանձնվի՛ր»։ Մասնավորապես, այդպես ավարտվեց հռոմեացի զորավար Մարիոսի հանդիպումը Միհրդատ արքայի հետ։

Նիկոլն իր քաղաքակրթական մակարդակով, անշուշտ, հռոմեացի չէ։ Բայց ավելի կարևոր է այն, որ մեր իրականության մեջ հռոմեական բանաձևն այլ կերպ պիտի հնչի. «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»։

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

15.06.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930