ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը հունիսի 16-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը, հայտնեց, որ 2026 թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%, իսկ այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5.1%։
2026 թ. երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների երկար պահպանման պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը ավելացել են։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են։ Մասնավորապես, եվրոգոտում և Ռուսաստանում առաջին եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում, իսկ կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ նպաստելով նաև այս տնտեսություններում աճի կարողությունների թուլացմանը։
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի, նա նշեց, որ 2026 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ, որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է։ Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը։ Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին։ Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։
Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ։
Ավելին, արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման՝ պարունակելով առավելապես գնանկումային ռիսկեր։
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից, Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և գնաճային սպասումների արագացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։
Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների արդյունքում գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Նշվեց, որ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ վերլուծություններ ունեն այն մասին, թե ռուսական շուկայից Հայաստանի զրկվելը ինչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, Մարտին Գալստյանն այսպես արձագանքեց. «Մենք առանձնացրել ենք այն ապրանքատեսակները, որոնք դեպի Ռուսաստան արտահանման տեսանկյունից զգայուն են, օրինակ՝ սպառում-արտահանում հարաբերակցությունը ծաղիկների մասով մոտավորապես կեսն է սպառման, ու դրա զգալի մասը դեպի Ռուսաստան է: Մենք փորձել ենք զգայունության որոշակի վերլուծություն անել՝ հասկանալու համար, որ եթե շարունակվեն պատժամիջոցները կամ այն երևույթները, որ կան, ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:
Սցենարները բազում են. եթե, օրինակ, չստացվեց փոխել շուկաները, ու մնացինք բացառապես Ռուսաստանի շուկայի վրա, ազդեցությունը գնանկումային, մեր գնահատմամբ, կարող է հասնել մինչև 0.6 %-ի: Այսինքն, այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է, որի արդյունքում մենք ակնկալում ենք, որ բանջարեղենի, հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքների որոշակի մասի և կորիզավորների դեպքում կարող է գնանկումային երևույթներ ունենանք: Եթե հնարավորություն եղավ փոխել շուկաները, այսինքն՝ մեր արտահանումը չտուժեց դրա արդյունքում, այս էֆեկտներն ավելի մեղմ կլինեն»։
Մարտին Գալստյանն այս համատեքստում, անդրադառնալով ընդհանուր տնտեսությանը, հավելեց, որ ապրանքների մասով որոշակի հաշվարկներ ունեն, բայց հիմնականում պահանջարկի թուլացման ու առաջարկի ավելացման արդյունքում գնաճի վրա ազդեցություններն են գնահատել։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































