Լրահոս
Օրվա լրահոսը

Ոլորտի պատասխանատուները ավելի շատ զբաղված են եղել զարգացման իմիտացիա ցուցադրելով, քան որակական փոփոխություններ արձանագրելով. «Փաստ»

Սեպտեմբեր 15,2026 10:44 Share

Առանձնապես ցավալի է տարածաշրջանային համեմատության պատկերը։ Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանի, Թուրքիայի և նույնիսկ, որքան էլ զարմանալի է, Ադրբեջանի աշակերտներին։ Այս փաստը ունի ոչ միայն կրթական, այլև խորհրդանշական և աշխարհաքաղաքական իմաստ։ Տարիներ շարունակ մենք սովոր ենք եղել, որ աշխարհում մեզ ընկալում են որպես տարածաշրջանի ամենագրագիտ ժողովուրդներից մեկը, հպարտությամբ ենք հիշել մեր գրերի ստեղծման պատմությունը, մատենադարանները, միջնադարյան գրականությունը և հետխորհրդային շրջանի բարձր գրագիտության մակարդակը։ Իսկ այսօր պարզվում է, որ այդ պատմական ժառանգությունը այլևս չի երաշխավորում ներկայի որակը, և այն երկրները, որոնց հետ մենք գտնվում ենք բարդ հարաբերությունների մեջ, կրթական ասպարեզում արդեն առաջ են անցել մեզանից։

Հետխորհրդային երկրների շարքում էլ մենք միայն Ղրղզստանին ենք անցել, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը ներքին քաղաքականության ձախողման հետևանք է, քանի որ հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը գրագիտության մակարդակով միշտ շատ բարձր է եղել։

Կարևոր է հասկանալ, որ այս արդյունքները մեկ օրում չեն ձևավորվել։ Դրանք երկարատև գործընթացների արդյունք են։ Ի նկատի ունենանք, որ վերջին տասնամյակներում Հայաստանում իրականացվել են բազմաթիվ կրթական բարեփոխումներ, ընդունվել են ռազմավարություններ, ծրագրեր, ստանդարտներ, բազմակի անգամ փոփոխվել են դասագրքերը, ներդրվել են նոր գնահատման համակարգեր, իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, շահագործվել են նոր դպրոցներ և գործարկվել տեխնոլոգիական նախագծեր։ Սակայն այս բոլոր գործընթացները, ինչպես ցույց են տալիս միջազգային գնահատումների արդյունքները, չեն հասցրել բուն էության փոփոխության։ Դա բացատրվում է նրանով, որ ոլորտի պատասխանատուները ավելի շատ զբաղված են եղել զարգացման իմիտացիա ցուցադրելով, քան որակական փոփոխություններ արձանագրելով։

Իմիտացիոն բարեփոխումների էությունն այն է, որ փոխվում են ձևերը, տերմինաբանությունը, հաշվետվությունների ձևաչափերը և ներկայացումների սահիկաշարերը, բայց դասարանում, ուսուցչի և աշակերտի փոխհարաբերություններում, դասավանդման իրական մեթոդներում և գիտելիքի փոխանցման որակում չի փոխվում ոչինչ։ Պաշտոնյան կարող է տարեկան հաշվետվություն ներկայացնել իրականացված ծրագրերի, վերապատրաստված ուսուցիչների և դասագրքերի մասին, սակայն եթե 15-ամյա երեխան չի հասկանում կարդացած տեքստը, այդ բոլոր հաշվետվությունները զրոյական արժեք ունեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930